Ինչո՞ւ է «Վեոլիա ջուր»–ը ծարավ պահում Ախթալայի բնակիչներին
ИНТЕРВЬЮ
Լոռու մարզի Ախթալա քաղաքն արդեն 3 ամիս կանգնած է խմելու ջրի խնդրի առջև: Այստեղ բնակիչները օրվա մեջ մի քանի ժամ են միայն ջուր ունենում: Քաղաքի բնակիչները հայտնեցին, որ օրվա մեծ մասը՝ առավոտյան ժամը 11:00–ից հետո ջուր չի լինում:
««Վեոլիա ջուր»–ը մեզ ծարավ է պահում: Օր կա ժամը 10–ից ջուր չի լինում ու չգիտենք էլ, թե երբ կտան: Մենակ սա չի, լիքը ուրիշ տեխնիկական խնդիրներ էլ կան»,–Past.am-ի հետ զրույցում ահազանգեցին Ախթալա քաղաքի բնակիչները:
Իրավիճակն ավելի բարդ է հատկապես դպրոցում: Այստեղ սովորում են 158 աշակերտ ու կան 28 աշխատակիցներ: Նրանց խոսքով՝ ջրամատակարարման դադարեցումը խաթարում է դպրոցի բնականոն առօրյան: Քաղաքն ապահովված է մշտական ջրամատակարարմամբ՝ Past.am–ի հետ զրույցում վստահեցրեց քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը: Վերջինիս խոսքով՝ Ախթալայում ջրամատակարարման հետ խնդիրներ են առաջացել միայն օգոստոս ամսին, երբ ջրի պահանջարկն ավելացել է: Ամառվա ամիսների ընթացքում այստեղ նախատեսված շուրջօրյա ջրամատակարարում չի իրականացվել: Օրվա մեջ Ախթալայի բնակիչները մի քանի ժամ են միայն ջուր ունեցել:
«Ամռան շրջանում անջատումներ են լինում: Սպառման ծավալներն ավելանում են, ջրի քանակը պակասում է, դրա հետ կապված պարբերաբար խնդիրներ են առաջանում»,– մանրամասնեց Ախթալա քաղաքի ղեկավարը:
Հայկազ Խաչիկյանը, սակայն, հավաստիացրեց՝ պարբերաբար «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցների հետ հանդիպումներ են ունենում՝ առաջացած խնդիրները արագ կարգավորելու նպատակով:
Մանյա Պողոսյան




















































