Վահրամ Բաղդասարյանի գրասենյակն անդրադարձել է պատգամավորի անունը շահարկած հրապարակմանը
ОБЩЕСТВОՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գրասենյակն անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի՝ Արդվիի ոսկու հանքի շահագործման հետազոտությունների հետ կապված հրապարակմանը, և շեշտել, որ, այդտեղ նշված անունները և դեպքեր, որոնք պատգամավորի հետ կապ չունեն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վահրամ Բաղդասարյանի գրասենյակի հաղորդագրության մեջ նշված է. «Արդվիի ոսկու հանքի շահագործման հետազոտությունների հետ կապված` 1in.am կայքը, այսօր, հրապարակել էր մի հարցազրույց, որը վարել էր «Ելք» խմբակցության պատգամավորներից մեկի հետ: Այդ նույն հոդվածում կայքի խմբագրության կողմից կրկին շահարկվել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անունը, կրկին, որպես իսկություն, նշվել էին անուններ և դեպքեր, որոնք պատգամավորի և իրականության հետ ընդհանրապես կապ չունեն, և դա այն դեպքում, երբ պարոն Բաղդասարյանը բազմիցս հրապարակավ հերքել է այդ ստահոդ տեղեկությունները: Վահրամ Բաղդասարյանի տեսակետը անփոփոխ է. ողջունելի են ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված բոլոր տեսակի ներդրումները, նաև` հանքարդյունաբերությունը: Սակայն, նման գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ են տարիներ և միլիոնավոր դոլարներ:
Տեղին չենք համարում ևս մեկ անգամ հերքել ճշմարտազուրկ տեղեկությունները, պարզապես կոչ ենք անում Վահրամ Բաղդասարյանի անունը արատավորել փորձող բոլոր շահագրգիռ անձանց խոսել ապացույցներով, ներկայացնել փաստեր և ոչ թե ծիծաղաշարժ եզրակացություններ»:



