Կալանավորված փաստաբանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպանը կդիմի Վերաքննիչ
ОБЩЕСТВОՀատուկ քննչական ծառայությունում քննվող կաշառքի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում կալանավորված փաստաբան Գայանե Գալոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Մնացական Ղազարյանը:
Նա նշեց, որ այս պահին Գայանե Գալոյանը քաղաքացիական հիվանդանոցում է, նա ունի մի շարք առողջական խնդիրներ: Պաշտպանի խոսքով, իր պաշտպանյալի ինքնազգացողությունը վատացել է դատարանում՝ իր նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման ժամանակ. դատարան է հրավիրվել շտապօգնություն եւ նա հոսպիտալացվել է:
Մնացական Ղազարյանը նշեց, որ վերաքննիչ բողոքն արդեն պատրաստ է:
Փաստաբան Գայանե Գալոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Առաջադրված մեղադրանքից ենթադրվում է, որ Գալոյանը հանցակից է եղել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալուն:



