Հայաստանի վրա դրսից ազդելու ռեսուրսը
АНАЛИТИКА
Հայաստան-Սփյուռք սպասվելիք համաժողովին ընդառաջ ակտիվացել են քննարկումները Սփյուռքի մասին: Սփյուռք-Հայաստան հարաբերությունները տարբեր տրանսֆորմացվել են տարբեր փուլերով Հայաստանի անկախության ողջ ընթացքում: Այս իմաստով շատ հետաքրքրական է ռուսական սփյուռքի դերը Հայաստանի կյանքում: Հատկապես հիմա, երբ վարչապետը՝ լինելով ռուսահայ վերնախավի անդամ, փորձում է ռուսահայ մեծ կապիտալի ներդրմամբ Հայաստանում տնտեսական, նաև քաղաքական իրավիճակ փոխել:
Ռուսաստանում հայկական նոր սփյուռքի ձևավորման ու ընդլայնման վրա մեծ ազդեցություն ունեցավ անկախության առաջին տարիների ծանր իրավիճակը: Ռուսաստան գնալն ավելի հեշտ էր, մատչելի, սովետական միության տարիներին հայաստանցիները հնարավորություններ էին ունեցել ծանոթանալ անծայրածիր Խորհրդային Ռուսաստանի բազմաթիվ անկյունների հետ, ռուսականը հարազատ էր, ծանոթ, ճանաչելի: Ռուսաստանում կար ֆինանսական որոշակի կապիտալ, որտեղ կայանալու համար մեծ պրոֆեսիոնալիզմ անհրաժեշտ չէր: Այն աշխատուժը, որը կար Հայաստանում, որը դժվարությամբ էր հարմարվում փոփոխվող պայմաններին, արագորեն կարողացավ կայանալ ռուսական միջավայրում:
Ռուսաստանում հայկական սփյուռքի նոր շերտերը շարունակում են վերականգնել համայնական կյանքի նորմերը, վերարտադրել դրանք, ավելի «բարեկեցիկ» միջավայրում, նույնը անում է ասենք հայկական համայնքը Գլենդելում: Ամերիկայի դեպքում խնդիրը կարող է կախված լինել նաև կոնկրետ նահագնի միջավայրից, Ռուսաստանի դեպքում խնդիրը ունիվերսալ է ամբողջ երկրի համար: Բացի այդ, Ռուսաստանում հայկական սփյուռքի խնդիրներն ուղղակիորեն անդրադառնում են Հայաստանի հետ ռուսական կողմի հարաբերություններում: ԱՄՆ ու ՌԴ մեկնելու մոտիվացիաների մեջ գերակշռում է «շատ փող» վաստակելու մտայնությունը, եվրոպական միգրացիան ավելի շատ հիմնվում է քաղաքացիական ու մասնագիտական հեռանկարների հետ, ու հենց այս պայմաններով էլ համայնական սփյուռքի իդեան չի կայանում. այլ են մոտիվացիաները, անհատական են:
Համայնական սփյուռքը Ռուսաստանում Հայաստանի հետ կապված սեփական ամբիցիաներն ունի, որոնք, ի տարբերություն ավանդական սփյուռքի, միայն հայդատականությամբ չեն սահմանափակվում: Դրանք նաև մշակութային են ու քաղաքական, դրանք արտահայտվում են Հայաստանը սեփական ցանկությունների ու պատկերացումների շրջանակում տեսնելու կոնտեքստում: Ռուսական միջավայրում սփյուռքը քաղաքական համակարգային իմաստով չի կայացել, հարաբերությունների հիմքը դեռևս խիստ համայնական, ազգակցական է, էթնիկության ընդհանուր պատկերացումներով, բայց որ երբեք պետականության, պրոֆեսիոնալիզմի:
Հայկական սփյուռքը Ռուսաստանում դառնում է Հայաստանի վրա անուղղակի ճնշնումների գործիք, ընդհանրապես ռուսական պաշտոնական քաղաքականության շրջանակում ձևավորվում է Հայաստանի պատկերացում հայկական սփյուռքի մոդելով ՝ ընդգծված էթնիկությամբ, բայց առանց պրոֆեսիոնալ ու քաղաքացիական հեռանկարների:
Արտակ Ասլանյան




















































