Հավատարմագրում չունեցող քոլեջ ավարտողները՝ փաստի առաջ. ո՞ւմ մեղքով է բացթողումը
ОБЩЕСТВОՄասնավոր բուհերի քոլեջներն ավարտողների մեծամասնությունը փաստի առաջ են կանգնում: Պարզվում է՝ դրանց 99%–ի քոլեջների դիպլոմով պետական բուհ ընդունվելու հնարավորությունը «0» է:
«Հարցն առաջացավ հենց այն ժամանակ, երբ որոշեցի, որ մասնավոր բուհերից մեկի քոլեջն ավարտելուց հետո ուսումս պետք է պետական բուհում շարունակեմ: Հայաստանի ազգային ագրարային համալսարան դիմելու ժամանակ ասացին, որ իրենք չեն ճանաչում իմ ավարտած բուհի քոլեջի դիպլոմը: Նույն պատասխանը ստացանք նաև ՀՊՃՀ և ԵՊՀ դիմելու ժամանակ. իրենց դիպլոմն անցնում է միայն իրենց մոտ: ԿԳՆ–ից ասացին, որ այդ քոլեջին տվել են լիցենզիա, բայց չեն տվել հավատարմագրում: Հավատարմագրման բացակայությունն էլ ենթադրում է, որ պետությունն ուղղակի չի ճանաչում իրենց գործունեությունը»,–Past.am–ի հետ զրույցում պատմեց խնդրի առաջ կանգնած շրջանավարտներից մեկը:
Բարձրացված խնդրի առնչությամբ փորձեցինք ԿԳՆ–ից պարզաբանում ստանալ:
ԿԳՆ լիցենզավորման գործակալության դիտարկումների և վերլուծության բաժնի պետ Անահիտ Բարսեղյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ պետական բուհերում քոլեջի դիպլոմը չի անցնում, որովհետև այն ունի լիցենզիա, բայց չունի պետական հավատարմագրում:
«Բայց որպեսզի քաղաքացու իրավունքները պաշտպանվեն, ԿԳ նախարարի հրամանով քննություններ են կազմակերպվում: Հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական քոլեջներն ավարտողները պետական քննություն են հանձնում և իրենց այդ դիպլոմը փոխարինվում է պետական քոլեջների դիպլոմներով: Դրանից հետո իրենք կարող են գնալ և շարունակել ուսումը պետական բուհերում: Այսինքն՝ այդ քոլեջի տրված դիպլոմը հավասարեցվում է հանրակրթական ատեստատին»,–ասաց Անահիտ Բարսեղյանը:
Դիտարկմանը, թե շատերը կարող են նման խնդրի առաջ կանգնել և հարցին, թե արդյո՞ք այս առումով իրազեկման խնդիր չկա, Անահիտ Բարսեղյանը պատասխանեց. «Մինչև 2000 թ. լիցեզնավորման ցանկերում միջին մասնագիտական կրթական ծրագիրը լիցենզավորման ենթակա չի համարվել: Այն ազատ ձեռներեցության գոտում է եղել և տրված դիպլոմն այն ժամանակ ճանաչվել է: Հիմա միջին մասնագիտական կրթական ծրագրի կարգավիճակը բարձրացել է: Շուտով կմտնի հավատարմագրման գործընթացը: Պետության ներսում տեղի ունեցող բացթողում ասեմ, թե՝ ճեղքվածք, բայց հիմա խնդիրը լրացվում է վերոնշյալ քննություններով: Այս դեպքում իրենց մասնավոր քոլեջի անունը նոր քննությունից հետո ստացած դիպլոմի մեջ չի գրվում»,– ասաց նա՝ հավելելով, որ այս տարի բավականին շատ երեխաներ են այդ քննությունը հանձնել ու դիպլոմ ստացել:
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ մասնավոր բուհերի քոլեջների մեծ մասն այդ խնդիրը ունի:
«Մասնավոր հատվածում գտնվող համալսարանների գրեթե 99%–ը նույն կարգավիճակում է: Դա ոչ թե իրենց մեղքով է եղել, այլ՝ օրենսդրական բացի: Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ նախկինում շատ կարճ ժամանակահատված է եղել, երբ բուհը հավատարմագրելուց նաև քոլեջն էլ են հավատարմագրել: Մեկ տոկոսը հենց այդ ժամանակահատվածում է հավատարմագրված: Նշենք, որ ուսանողների շրջանում հարցեր են առաջանում նաև քոլեջն ավարտելուց հետո որևէ բուհում անմիջապես երկրորդ կուրսից սովորելու հնարավորության վերաբերյալ:
ԿԳՆ պաշտոնյան հիշեցրեց, որ այդ առումով օրենքում փոփոխություն է արվել. «Հիմա այդ օրենքն այլևս չի գործում: Քոլեջն ավարտած ուսանողներին այլևս հնարավորություն չի տրվում բուհի որևէ բաժնի երկրորդ կուրսից շարունակել իրենց կրթությունը: Բայց դա վերաբերում է վերջին տարիներին ավարտած ուսանողներին: Նախկինում ավարտած ուսանողների համար նորից գործում է երկրորդ կուրս նստելու կարգը»:
Աննա Բադալյան



