Հայկական առևտրային ցանցը գործարար համաժողովը և տարեկան ժողով կգումարի Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում
ОБЩЕСТВОԵրևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 19-20-ը կայանալիք Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 20-ին ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ կազմակերպվելու են Հայկական առևտրային ցանցի (ՀԱՑ) գործարար համաժողովը և տարեկան ժողովը: Մասնակցելու են Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ պաշտոնատար այրեր, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայությունից՝ հավելելով. «Ֆորումի առաջին նիստին (սեպտեմբերի 20-ին ժամը 11:45-13:45) քննարկման թեման լինելու է «Սփյուռքի գործարարության պրոֆեսիոնալ ցանցերի ներուժը», որը կմեկնարկի Ռումինիայի ֆինանսների նախկին նախարար և ներկայիս սենատոր Վարուժան Ոսկանյանի «Միջազգային ցանցերի նշանակալի դերակատարությունը» ելույթով:
Երկրորդ նիստը (ժամը 15:15-17:15) կանդրադառնա Հայաստան-Սփյուռք տնտեսական համագործակցության խթանման խնդիրներին՝ տեղական ներդրումային միջավայրի, սիրիահայ գործարարների փորձի, Արցախի տնտեսության և ՏՏ ոլորտին առնչվող հարցերին:
Նույն օրը՝ սեպտեմբերի 20-ի ժամը 18:00-20:00-ը Երևանի Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում գտնվող «Սալոն» ռեստորանում տեղի կունենա Հայկական առևտրային ցանցի երրորդ մրցանակաբաշխության արարողությունը: «Տարվա բիզնես անհատականություն-2017» մրցանակը տրվելու է «Վիվասել ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, «Համաշխարհային գլոբալ նվաճում» մրցանակը շնորհվելու է Շարժայի բանկի գործադիր տնօրեն Վարուժան Ներգիզյանին, «Հայաստանի բիզնես գերազանցություն» մրցանակը կստանա «Ապավեն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը, իսկ «Հայաստանի ներդրող» նրցանակը՝ «Վիասֆեր տեխնոպարկ» ՓԲԸ-ի հիմնադիր Թոնի Մորոյանը:
ՀԱՑ-ը հիմնադրվել է 2011 թ. ապրիլին Երևանում կայացած անդրանիկ նիստի ժամանակ: Այն նպատակ ունի աջակցելհամաշխարհային հայ գործարար համայնքի կապերի հաստատմանը և ամրապնդմանը՝ ստեղծելով նոր հարթակ ամբողջ աշխարհումգործող հայկական առևտրային գործարար կազմակերպությունների, երկկողմ պալատների համար գիտելիքների և փորձիփոխանակման նպատակով: ՀԱՑ-ի կազմում կա 14 բիզնես-կազմակերպություն Հայաստանից և Սփյուռքից: ՀԱՑ-ի միջոցառումներըկազմակերպվում են երկու տարին մեկ անգամ»:



