Օրենքի բացի և չվերահսկվող իրավիճակի զոհերը
ОБЩЕСТВОՋերմուկ քաղաքում ճուռակ տեսակի թռչնին ոտքից կապել են, որ գումար աշխատեն: Ոտքից կապել են, որ չփախչի, որ անցնող դառնողները հանգիստ նկարվեն թռչնի հետ: Նկարագրվածը «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպության ստացած վերջին ահազանգն է:
Բնապահպան, «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպության կրթական ծրագրի ղեկավար Կարինե Փանոսյանի խոսքով՝ ցավոք, նման ահազանգեր կազմակերպությունը շատ–շատ է ստանում:
«Պատկերացրեք՝ կենդանին ինչքան տագնապալի վիճակում է: Ամեն անգամ տարբեր մարդիկ են մոտենում և մեկը մյուսից տարբեր վերաբերմունք ցուցաբերում: Մեկը ցավեցնում է, մյուսն էլ՝ ագրեսիվ է: Իսկ կենդանին շարժվելու հնարավորություն չունի: Սա ակնհայտ դաժան վերաբերմունք է կենդանու նկատմամբ: Յուրաքանչյուր շաբաթ մենք տարբեր վայրերից տարբեր կենդանիների վերաբերյալ նման ահազանգ ենք ստանում: Ահազանգերը տարբեր են. մեկը բենզալցակայանում է կենդանուն պահում, մյուսն էլ՝ ռեստորանում՝ վանդակի մեջ»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Կարինե Փանոսյանը:Վերջինիս խոսքով՝ նշված խնդիրը Հայաստանում համատարած է:
«Բացի այդ՝ երևույթը շատ հանգիստ է ընկալվում հասարակության կողմից: Մեծ հաշվով՝ սա սոցիալ–մշակութային խնդիր է. մեզ մոտ կենդանին առարկայական վերաբերմունքի է արժանանում: Կենդանուն կերակրում են ոչ թե նրա համար, որ սնվելու կարիք ունի, այլ որ իրենց գործն առաջ տանի: Երկրորդ խնդիրն օրենսդրական բացն է: Հայաստանում հատկապես վայրի կենդանիների վերաբերյալ ոչ մի օրենք չկա՝ կենդանիների պաշտպանության մասով օրենսդրություն չունենք:
Բնականաբար օրենքի բացակայության պատճառով չես կարող զանգահարել ոստիկանություն և ասել, որ ինչ–որ մեկը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերում ու խախտում է միջազգային ակտերը, որոնց Հայաստանը ևս միացել է: Օրենքի բացի արդյունքում չվերահսկվող իրավիճակ ունենք»,– ասաց բնապահպանը:
Կարինե Փանոսյանը նշեց, որ դեռ նախորդ տարվանից Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից «Վայրի կենդանիների մասին հանրային խորհուրդ» էր ձևավորվել:
«Խորհրդի անդամ էինք նաև ես, ընկերներս ու այլ մասնագետներ: Մենք կարողացանք հասնել նրան, որ շատ կարճ ժամանակահատվածում ԱԺ նախնական լսումների օրենսդրական փաթեթ ներկայացվեց: Քննարկման ժամանակ պատգամավորները նույնիսկ ամոթանք տվեցին, որ Հայաստանը մինչ օրս նման խնդիրները լուծելու ուղղությամբ ոչ մի քայլ չի արել: Քննադատեցին, որ մենք նույնիսկ միջազգային ատյաններում ենք խայտառակ եղել ու «սև ցուցակ» ընկել: Ոգևորություն կար, բայց այդ քննարկումից մեկուկես տարի է անցել և ոչ մի այլ հարց չի բարձրացվել: Մեզ չեն հրավիրել հանրային լսումների, իսկ ԱԺ–ում մեր ներկայացրած փաթեթը տեղից չի շարժվել»,–ընդգծեց նա:
Բացի անհրաժեշտ օրենքից, Կարինե Փանոսյանը խնդրի լուծումը նաև այլ դաշտում է տեսնում: «Լուծումը նաև բնասիրական դասընթացների մեջ է, որը մեր կազմակերպությունն է իրականացնում: Այդ դասընթացների արդյունքում երեխաների միջոցով փորձում ենք հասարակության լայն շերտերին ուղերձ հղել, թե ի՞նչ է կենդանին ու բնությունը: Մենք փորձում ենք երեխայի մեջ կապ ստեղծել իրենց վարքագծի և բնության հետևանքների միջև: Բայց սա չպետք է մեկ կազմակերպության խնդիրը լիներ: Պետք է լիներ նաև ԿԳՆ–ի և Բնապահպանության նախարարության խնդիրը: Բայց քանի որ այն պետական մակարդակով չի արվում, մենք փոքր–փոքր քայլերով կարողանում ենք ընդամենը քիչ երեխաների ներգրավել»,– ասաց բնապահպանը:
Կարինե Փանոսյանը խոսքը դրական ու լավատեսական նոտայով ավարտեց. «Անգամ այդ փոքր քայլերով կարողացել ենք դրական շարժ գրանցել»:



