Աշուղ Շերամի 160 ամյակին նվիրված համերգի հասույթը կտրամադրվի «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին
КУЛЬТУРА
«Ծիրանափող» մշակութային երիտասարդական հասարակական կազմակերպության և «Շերամ» անսամբլի նախաձեռնությամբ ու ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Աշուղ Շերամի 160 ամյակին նվիրված հոբելյանական բարեգործական համերգ: Համերգից ստացված ողջ հասույթը կտրամադրվի «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին: Սա այս նպատակով կազմակերպված երկրորդ համերգն է:
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Ղարիբ Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում կարևորեց այս նախաձեռնությունը։ «Ոգևորվելով նախորդ համերգից՝ «Շերամ» անսամբլը և մեներգիչ Վարդան Բադալյանը ցանկություն հայտնեցին բարեգործական համերգով հանդես գալ՝ համերգի ողջ հասույթը փոխանցելով հիմնադրամին: Տարածքի տրամադրման ու տեխնիկայի տեղափոխման հարցով աջակցեց ՀՀ մշակույթի նախարարությունը»,- նշեց Ղարիբ Հարությունյանը՝ հավելելով, որ այս նախաձեռնության ու սեպտեմբերին ծրագրված ևս մեկ միջոցառման շրջանակում հավաքագրված միջոցներով հնարավորություն կլինի տնակում բնակվող ևս 1 ընտանիքի բնակարան տեղափոխվել: Ընտանիքը կրկին կլինի Գյումրու «Բարեկամության» պուրակից, իսկ ընտրությունը՝ վիճակահանությամբ:
Արմենուհի Մխոյան




















































