Ծառուկյանը՝ Հայաստանի վարչապետի մասին. «Ես կոռեկտ չեմ համարում ընկերոջ մասին կարծիք հայտնելը»
ОБЩЕСТВОPast.am-ը տեղեկացրեց,որ երեկ մեկնարկեց վեցերորդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանը: Առաջին քառօրյայի նիստին ներկա էր նաև «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Լրագրողներն առիթը բաց չթողեցին մի քանի հարց ուղղելու ԲՀԿ առաջնորդին:
Կարեն Կարապետյանի մասին
Լրագրողները փորձեցին Գ. Ծառուկյանի կարծիքն իմանալ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության մեկ տարվա գործունեության մասին: «8 ամիս առաջ եմ ասել, որ Կարեն Կարապետյանն իմ ընկերն է, ինքը խոսք է տվել, ներկայացրել է իր ծրագիրը, աշխատում է անել: Ընկերոջ մասին կարծիք ասելը կոռեկտ չեմ համարում: Երբ մենք հանդիպում ենք, ես ասում եմ բացասականն էլ, դրականն էլ: Դրականից այսօր ասեմ, որ բանկերի 25–30%–ը դարձել է 8%, իսկ տուրիստների թվի աճը 25%–ից ավելի է: Երբ նա ներկայացնի իր մեկ տարվա աշխատանքի արդյունքները, մենք էլ կասենք մեր համապատասխան կարծիքը»,– նշելէ Գ. Ծառուկյանը:
Սերժ Սարգսյանի՝ վարչապետ լինելու մասին
«Երբ ՀՀԿ–ն կայացնի իր որոշումը և առաջարկի ՀՀ վարչապետի իր թեկնածուին, այդ ժամանակ մեր կարծիքը կասենք»,– անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի հնարավոր թեկնածու լինելու հարցին՝ պատասխանել է Գ. Ծառուկյանը: «Խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրանք ստացել են առավելագույն ձայներ՝ 50+1, այնպես որ, որոշողն ու առաջարկողն իրենք են»,– ասել է նա:
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ «Ծառուկյան դաշինքն» ընդվզի Սերժ Սարգսյանի թեկնածության դեմ, Գագիկ Ծառուկյանն արձագանքել է, որ խոչընդոտողը պետք է լիներ ժողովուրդը, մինչդեռ վերջինս դեռևս ընտրությունների ժամանակ 50+1 ձայն է տվել ՀՀԿ–ին, որով երկրի պատասխանատվությունը ստանձնել է հենց ՀՀԿ–ն:
Դաշինքի ղեկավարը նաև ընդգծել է, որ իրենք դեռ չեն քննարկել վարչապետի թեկնածուի հարցը:
15 մլրդ դոլարի ներդրման մասին
Եթե ընտրողներն իրենց ձայների մեծ մասը տային «Ծառուկյան» դաշինքին, ապա իրենք կիրականացնեին նախընտրական խոստումները: «Հավաքվում ու ասում էին՝ Ծառուկյան ջան, փրկի–փրկի, պատրաստ էի փրկել: Ասում էի՝ ձեր ցավը տանեմ, տվեք 50+։ Ասել եմ խնդիրների ու պրոբլեմների լուծման ձևը, գումարի բերման աղբյուրը, ասում էին՝ Ծառուկյանը բլեֆ ա արել»,–ասել է նա:
«Բայց ժողովուրդն իր ձայնը՝ 50+1, տվեց ՀՀԿ–ին: Իսկ եթե մեզ տային, մենք 15 մլրդ դոլարի ներդրում կբերեինք Հայաստան և կկատարեինք մեր ծրագրի բոլոր 15 կետերը»,– հավելել է նա։
Հարցին, թե արդյոք ապրիլի 2–ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծված չի՞ համարում, Գ. Ծառուկյանը պատասխանել է. «Ով է ասում կեղծել են: Մարդը տվել է իր քուչի տղուն, տվել է իր գյուղապետին, տվել է մարզպետին, բայց դրանք խնդիր լուծող չեն: Ես այդպիսի անհիմն հայտարարություններ չեմ արել: Ժողովուրդը պետք է ձայնը տա, հետո պահանջի: Իսկ ՀՀԿ–ն պարտավոր է պատասխանատու լինել ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու, անվտանգությունն ապահովելու համար»:
ՀՀԿ–ի հետ կոալիցիայի մասին
«Ծառուկյան» դաշինքը ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկում, սակայն չի էլ բացառում նման հնարավորությունը. «Կոալիցիա կազմելու հարց չենք քննարկում, եթե քննարկենք, բոլորդ կիմանաք այդ մասին: Ես այս կյանքում ոչ մի բան չեմ բացառում, բայց այս պահին չենք քննարկում: Երբ որ լինեն նման քննարկումներ, ես կասեմ: Կարևորն այն է, որ իմ խոսքը ես պահել եմ, իմ պարտքը պետք է կատարեմ ժողովրդիս առջև»,– ընդգծել է Գագիկ Ծառուկյանը:
ԵՏՄ–ից դուրս գալու մասին
«Ինչ–որ ուժեր առաջարկում են դուրս գալ ԵՏՄ–ից, բայց անհասկանալի է, թե ինչի դիմաց»,– անդրադառնալով «Ելք» խմբակցության նախաձեռնությանը՝ պատասխանել է դաշինքի ղեկավարը: Նա առարկեց, թե իր կուսակցությունը հրաժարվում է քննարկել նման նախաձեռնությունները. «Ցանկացած կուսակցություն իրավունք ունի առաջարկ անելու ու ներկայացնելու: Եվ ես իմ թիմին այսօր հրահանգել եմ, որ ցանկացած կուսակցություն, երբ հարց է բարձրացնում, ներկա լինեն, քննարկեն և համապատասխան որոշում կայացնեն»:
Միևնույն ժամանակ նա նկատել է, որ ուրիշ երկրների կողմից ավելի լավ առաջարկներ չկան, որոնք ավելի մեծ ներդրումներ կխոստանան: «Երևի մենք ԵՏՄ հնարավորությունները ճիշտ չենք օգտագործում: 200 միլիոնանոց շուկա է, կարելի է այդ հարցն էլ քննարկել, թե ինչ կարելի է անել: Անհնարին ոչինչ չկա, հարկավոր է նայել առաջարկը, քննարկումը և ոչ թե աչքի տեղը ունքն էլ հանել»,– եզրափակել է Գագիկ Ծառուկյանը:



