Անուշ Սեդրակյանը քաղաքական թեժ աշնան և սպասվող ցնցումների մասին
ОБЩЕСТВОԱշունը պաշտոնապես դեռ նոր է մտել մեր կյանք, բայց քաղաքագիտական շրջանակներն արդեն իսկ հասցրել են կանխատեսումներ անել 2017–ի ներքաղաքական աշնան մասին: Սովորույթի ուժն էր պատճառը, թե դա սովորական զուգադիպություն էր, բայց շատերի կարծիքով այս աշունը նախորդների նման հանդարտ չի անցնելու: Կանխատեսումներ կան նաև, որ ներքաղաքական թատերաբեմում իրավիճակն այնքան է թեժանալու, որ նույնիսկ կարող է որոշ առումներով մոտենալ անկառավարելիի «շեմին»:
Այսօրինակ կանխատեսումների հիմքում, անշուշտ վարչապետի գնալ–մնալու հարցն է: Եվ ստացվում է, որ ընդամենը հաշված ամիսներ հետո ազգովի դառնալու ենք վարչապետի աթոռակռվի հանդիսատեսը, ուստի թեժ աշնանային կանխատեսումները կարծես իրատեսության հիմք են ներշնչում:
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանի կարծիքով, սակայն աշունն առանձնապես աչքի չի ընկնի իր թեժությամբ:
«Մենք սպանվեցինք թեժ աշունների ու թեժ գարունների կանխատեսումներից: Առայժմ Հայաստանում միայն թեժ ամառն է շարունակվում և այս ընթացքում ինչ–որ Հայաստանում կար՝ վառվեց: Միայն մեկ բան կա, որ լավ կլիներ, որ այդ կրակը կարողանար վառել նաև մեր մտածելակերպը փոխելու բոլոր խոչընդոտները, և մենք այսուհետ սկսենք նորովի մտածել: Վերջապես հասկանանք, որ հին մտածողությամբ կործանվում է ամեն ինչ»,– ասաց քաղաքագետը:
Նրա կարծիքով Հայաստանում քաղաքական աշունը թեժ չի լինելու, իսկ իրադարձությունները կսկսեն թեժանալ այն ժամանակ, երբ «թեժ աշուն» կսկսվի տարածաշրջանում:
«Իսկ դա կլինի մոտավորապես դեկտեմբերի սկզբին և չեմ կարծում, որ Հայաստանը կկարողանա ապրել տարածաշրջանից զատ կյանքով»,– ասաց Ա. Սեդրակյանը:
Պատասխանելով հարցին, թե ապրիլին արդյո՞ք վարչապետի փոփոխություն կլինի, թե՝ ոչ, քաղաքագետն ասաց, որ միջազգային թատերաբեմն այնպիսի ցնցում կառաջացնի տարածաշրջանում, որ ներքաղաքական թատերաբեմում գործող անձանց անուններն այլևս նշանակություն չեն ունենա:Տեղեկացավ Past.am-ը.
«Այսինքն, այն կարևորությունը, որը մենք հիմա տալիս ենք ներկայի քաղաքական էլիտային, միանգամից կփոխվի»,– ասաց Անուշ Սեդրակյանը:
Արմինե Գրիգորյան



