«ԱՐԻԴԵՍ»–ին «Ալյանս»–ում ազատ աշխատելու ևս մեկ թույլտվություն կտրամադրվի. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարությունը որոշել է «ԱՐԻԴԵՍ» ՍՊԸ–ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրել՝ հիմք ընդունելով ընկերության կողմից ներկայացված հայտը։ Այս մասին որոշման նախագիծը կընթերցվի սեպտեմբերի 7–ին կայանալիք կառավարության նիստի օրակարգում։
Մասնավորապես ընկերությանը կտրամադրվի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու համար, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաներով բժշկական սարքեր և սանիտարական հարմարանքներ արտադրելու համար:
Ըստ նախագծի՝ շահագործողի թույլտվության գործողության ժամկետը կսահմանվի վեց տարի: «ԱՐԻԴԵՍ» և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունների միջև պայմանագիրը կնքելուց հետո 3–օրյա ժամկետում «ԱՐԻԴԵՍ»–ին կտրվի շահագործողի թույլտվության վկայական:
Նշենք, որ «ԱՐԻԴԵՍ»–ն արդեն նախորդ տարի ստացել էր «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործման թույլտվություն՝ ալկոթեստերային սարքերի արտադրություն ծավալելու նպատակով։ Ներկայում ընկերությունը ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը։ Նոր գործարար ծրագրով ընկերությունը նախատեսում է արտադրել նորարարական տեխնոլոգիաներով բժշկական սարքեր և սանիտարական հարմարանքներ, միաժամանակ, հայտնում ենք, որ ընկերությունը «Ալյանս» ազատ տնտեսական գոտում իր գործունեության ընթացքում արդեն իսկ իրականացրել է մոտ 170 միլիոն դրամի ներդրում և ստեղծել է 9 աշխատատեղ։
Ծրագրով նախատեսվում է, որ ծրագրի առաջին տարում արտահանման ծավալները կկազմեն մոտ 1 միլիոն 300 հազար ԱՄՆ դոլար, իսկ 6–րդ տարում` շուրջ 3 միլիոն 500 հազար ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղությունները կլինեն Ռուսաստանն ու ԵԱՏՄ այլ անդամ–երկրներ։ Հետագայում նախատեսվում է ընդլայնել արտահանման շուկաները Վրաստան, Միջին Արևելքի երկրներ:
Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն մոտ 4 միլիոն 300 հազար ԱՄՆ դոլար։ Միաժամանակ առաջին տարում կստեղծվի 12 նոր աշխատատեղ` 150 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում՝ արտադրանքի ծավալների աճի արդյունքում, 40 նոր աշխատատեղ:
Ըստ նախագծի՝ ընկերությունն ունենալու է 200 քառակուսի մետր արտադրական տարածք «Ալյանս» ազատ տնտեսական գոտում: «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ–ն արդեն իսկ համաձայնել է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը վեց տարի ժամկետով և ապահովել համապատասխան ենթակառուցվածքով:
Նշենք, որ ըստ կառավարության Էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ «ԱՐԻԴԵՍ»–ի հիմնադիրը Ռոբերտ Դալլաքյանն է, իսկ ընկերությունը գրանցվել է նախորդ տարվա հունիսին։
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



