Գուսան Հայկազուն. «Պետք է ազատվել վատ մարդկանցից և վատ հիշողություններից». «Փաստ»
ИНТЕРВЬЮ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրեր առաջ Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը ավագանու նիստին ներկայացրել էր մի քանի փողոցների անվանափոխության վերաբերյալ նախագիծ, ըստ որի նրանք ցանկանում են անվանափոխել մայրաքաղաքի հինգ փողոց և մեկ պողոտա՝ Լենինգրադյան, Կասյան, Միկոյան, Ամիրյան, Ֆրունզեի փողոցները և Իսակովի պողոտան:
Անվանափոխումների անհրաժեշտության ու պատեհության վերաբերյալ «Փաստը» զրուցել է երգահան, մշակույթի վաստակավոր գործիչ ու արցախյան պատերազմի մասնակից Գուսան Հայկազունի հետ:
– Պարոն Հայկազուն, դուք այս նախագծին ինչպե՞ս եք վերաբերվում: Դրակա՞ն եք համարում սա, և արդյոք նման փոփոխությունների կարիք Երևանում կա՞:
– Ասում են՝ մահացածների հետևից չեն խոսում: Սակայն մահացած կլինի, թե կենդանի, լավի մասին պետք է լավն ասել, վատի մասին՝ վատը: Ես մինչ «Ելքի» կողմից այդ նախագծի ներկայացումը տարիներ շարունակ շատ վատ եմ զգացել, քանի որ այդ տականք Նաիրի Զարյանի նման մարդու անունով դպրոց ու փողոց կա: Կամ Կասյան փողոցը, երբ այն մի ժամանակ փոխվեց Սիամանթոյի, ես այնպիսի սիրով էի նստում տաքսի ու ասում դեպի Սիամանթոյի փողոց, սակայն, ցավոք, այն նորից փոխվեց: Միանշանակ, պետք է վատ մարդկանցից ու վատ հիշողություններից ազատվել: Ի՞նչ է նշանակում: Մարդը կարող է այս ազգի գլխին ինչեր ասես, որ չանի ու փառաբանվի՞: Ոչ, պետք է մաքրել, բայց շատ զգուշորեն, և բոլոր դավաճանների անունները պետք է մաքրել: Սակայն համատարած հերոսների անուններ դնելն այսօր այնքան էլ ճիշտ չէ: Իհարկե, արժանիներ ունենք, սակայն ուզում եմ ասել, որ դեռ կյանքը շարունակվում է, վաղն էլ հերոսներ ու արժանի մարդիկ ենք ունենալու, պետք է տեղեր պահել հետագա անվանափոխությունների համար նույնպես: Ինչպես ասացի վատ մարդկանց պետք է միանգամից հանել, իսկ միջիններին թողնել հետագայի համար:
– Դուք ո՞ւմ եք միջին համարում:
– Նրանց, ովքեր իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Մենք վաղը նույնպես հերոսներ ու մշակույթի գործիչներ կունենանք, ովքեր արժանավոր են: Տեղ պահենք նաև վաղվա սերնդի համար: Իսկ դավաճաններին անմիջապես փոխել է պետք:
– Այն, որ իշխանություններն այնքան էլ կողմ կամ պատրաստ չեն այդ անվանափոխումներին, ըստ Ձեզ ինչո՞վ կարող է պայմանավորված լինել:
– Դա դարձել է բնավորություն, իշխանությունները ոչնչին էլ պատրաստ չեն միանգամից արձագանքելու, կտրուկ փոփոխություններին պատրաստ չեն, որը ճիշտ չէ: Ամեն ինչն էլ պետք է փոխվի: Անկախություն ենք ձեռք բերել, 25 տարվա պետություն ունենք և դեռ այնքան բաներ կա փոխելու՝ ոչ միայն փողոցների, այլև դպրոցների անուններ: Պետք է ռիսկով լինել:
– Պարոն Հայկազուն, սրա հետ կապված Տարոն Մարգարյանի կարծիքն էին հարցրել, ինչին նա պատասխանել էր, թե իրենք չեն ցանկանում Լենինգրադյան փողոցն անվանափոխել, քանի որ Երևանն ու Սանկտ Պետերբուրգը քույր քաղաքներ են: Որքանո՞վ է սա հիմնավոր պատասխան:
– Պարզապես ծիծաղելի է: Նախ հիմա Լենինգրադ չկա: Եթե քույր քաղաքներ են, թող այդ անունը մեկ այլ փողոցին դնեն: Ա~խր այդ փողոցն այնպիսի արժանի մարդու անունով են ցանկանում փոխել, որ միանգամից պիտի համաձայնվեն: Դա ոչ Ռուսաստանին կվիրավորի, ոչ էլ՝ մեկ ուրիշի: Լենինգրադը չկա արդեն, իրենք են նույնիսկ փոխել, մենք էլ մեր փողոցի անունն ենք փոխում: Լենինգրադը մեզ համար ի՞նչ է, որ նման կենտրոնական փողոցն այդ անունը կրի, թող կողքի փողոցներից մեկի անունը լինի:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































