Թղկուտի տեղամասում կատարվող երկրաբանական ուսումնասիրությունները կերկարաձգվեն ևս 2 տարով
ОБЩЕСТВОԲնապահպանության նախարարության կայքից տեղեկանում ենք, որ Սյունիքի մարզի Այգեձորի պղինձ–մոլիբդենային հանքավայրի ստորին հորիզոններում և թևերում 2017–2019 թթ. ընթացքում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով «Թաթսթոուն» ՍՊԸ–ն նախնական գնահատման հայտ է ներկայացրել:
Ըստ այդմ՝ սեպտեմբերի 7–ին ժամը 12:00–ին Սյունիքի մարզի Մեղրիի քաղաքային համայնքի Ագարակ քաղաքի վարչական շենքում տեղի կունենան «Թաթսթոուն» ՍՊԸ–ի Այգեձորի պղինձ–մոլիբդենային հանքավայրի ստորին հորիզոններում և թևերում ևս երկու տարի ժամկետով երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ թվով երկրորդ հանրային լսումները:
Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները կկատարվեն Այգեձորի պղինձ–մոլիբդենային հանքավայրի Թղկուտի տեղամասի ստորին հորիզոններում և թևերում:
Ըստ նախագծի՝ այստեղ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ տարվում են արդեն ավելի քան հինգ տարի: Այսպես՝ «Թաթսթոուն» ՍՊԸ–ն Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թ. տրամադրված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության և լիազոր մարմնի հետ կնքված ուսումնասիրության համաձայն Թղկուտի տեղամասի թևերում և խորը հորիզոններում 2012 թ.–ից կատարում է երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ: Աշխատանքների իրականացման վերջնաժամկետը սահմանված է եղել այս տարվա սեպտեմբերի 30–ը: Եվ քանի որ ընկերությունը նախատեսում է աշխատանքների ժամկետը երկարաձգել ևս 2 տարով, ապա այդ նպատակով շտապել է դիմել Բնապահպանության նախարարությանը՝ ևս մեկ հանրային լսումներ անցկացնելու նպատակով:
Նախագծից տեղեկանում ենք, որ հանքային դաշտի հետախուզվող մասում 2015–2016 թթ. կատարվել են նաև ինժեներա–երկրաբանական և հիդրոերկրաբանական դիտարկումներ: Դիտարկումներ իրականացվել են ամիսը երկու անգամ: Հանքային դաշտի սահմաններում կատարվել են նաև ռենտգենաճառագայթային հետազոտություններ: Այդ աշխատանքների արդյունքները համադրելով նախկինում կատարված աշխատանքների արդյունքների հետ՝ ընկերությունը նպատակահարմար է գտել աշխատանքները շարունակել հանքային դաշտի առավել հետաքրքրություն ներկայացնող, հիմնականում արևմտյան հատվածում և այդ պատճառով հրաժարվել է հետախուզվող հանքային դաշտի շուրջ 50% տեղամասում աշխատանքները շարունակելու միտումից:
Թղկուտի տեղամասը գտնվում է Մեղրու տարածաշրջանում, Մեղրի գետի միջին հոսանքի ավազանում՝ համանուն գյուղի մերձակայքում, Վարդանիձոր համայնքի վարչական տարածքում: Մոտակա բնակավայրերն են Թղկուտն ու Վարդանիձորը:
Ըստ նախագծի ՝ նախատեսվող աշխատանքների տեղամասը զբաղեցնում է 130 հա մակերես: Ներկայացվող ծրագրի նպատակն է գնահատել տեղամասում պղնձի և մոլիբդենի պաշարները, հանքայնացման տեսակետից առանձնացնել հեռանկարային տեղամասեր, հետախուզել և գնահատել այդ տեղամասերում մետաղների և հանքաքարի պաշարները: Տեղամասում կիրականացվեն երկրաբանական, երկրաքիմիական և երկրաբանահանույթային աշխատանքներ:
Այգեձորի պզինձ–մոլիբդենային հանքավայրի Թղկուտի տեղամասի ստորին հորիզոնների հետախուզման և գնահատման նպատակով նախատեսվում է հորատել 10 հորատանցք մինչև 250 մ խորությամբ:
Երկրաբանահետախուզական աշխատանքների ժամանակ ժամանակավորապես օգտագործումից դուրս եկած հողերի ընդհանուր մակերեսը կազմում է 0,12 հա: Հողօգտագործման համար վնասի փոխհատուցման գումարը 1 հա–ի համար 300 հազար դրամ է, և այս դեպքում կկազմի ընդամենը 36 հազար դրամ:
Քրիստինա Տեր-Մաթևոսյան



