Աղետ. Տեխասահայերն այս պահին ողջ աշխարհի հայերի օգնության կարիքն ունեն
ОБЩЕСТВОԱՄՆ Տեխաս նահանգի իշխանություններն ու բնակիչները թեև պատրաստվել էին 4–րդ աստիճանի ուժգնության «Հարվի» փոթորիկին, սակայն դրա հետևանքներն առավել աղետալի են, քան կարելի է պատկերացնել: Վայրկյանում 4 մետր արագությամբ շարժվող քամին իր հետ «սրբեց» ու տարավ ինչ հնարավոր էր, մարդկանց պատճառելով զգալի կորուստներ: Այս պահին միայն կարելի է արձանագրել, որ երկրի կենտրոնով անցնող փոթորիկի հետևանքներից չհաջողվեց զերծ մնալ, իսկ Տեխասի նահանգը փաստորեն համարվում է բնական աղետից ամենաշատը վնաս կրած նահանգը:
Ու թեև իշխանություններին հաջողվել էր Տեխասի բնակավայրերի մեծ մասում դատարկել փողոցները, փակել խանութներն ու հիմնարկները, քանի որ օդերևութաբանները կանխատեսել էին 900 մմ–ի հասնող տեղումներ, սակայն աղետը գերազանցեց բոլոր սպասելիքները:
Նախնական կանխատեսումների համաձայն սպասվում էր, որ «Հարվին» ամենաուժեղ փոթորիկն է լինելու ԱՄՆ–ի վերջին 12 տարիների պատմության մեջ։ Եվ այդպես էլ եղավ: Տեխասի նահանգով անցնող քամու ուժգնությունը հասավ ժամում մոտ 215 կիլոմետրի:
Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ «Հարվիի» առաջին ամենաուժեղ հարվածն իր վրա զգաց Տեխասի նախանգի Հյուսթոն քաղաքը, որտեղ ջրհեղեղի հետևանքով փողոցներում են հայտնվել գիշատիչ կենդանիներ, իսկ ազատազրկման վայրերից կալանավորներին տարհանել են, նրանց կյանքը չվտանգելու համար:
Այս պահի դրությամբ Տեխասի նահանգում վնասվել են հարյուր հազարավոր տներ, քիմիական գործարանում տեղի են ունեցել պայթյուններ, մարդկանցից շատերը կորցրել են իրենց տները և հայտնվել անօգնական վիճակում:
«Փաստը» փորձեց պարզել, թե փոթորիկից տուժածների մեջ կա՞ն, արդյոք, հայեր և նրանց օգնության ձեռք մեկնելու համար հայկական համայնքներն ինչ նախաձեռնությամբ են հանդես եկել:
Տեղի հայ համայնքից մեզ հաջողվեց պարզել, որ բավականին հայ ընտանիքներ կան, որոնք տուժել են բնական աղետի պատճառով և այժմ գտնվում են բավականին հուսահատ վիճակում: Նրանց օգնության ձեռք մեկնելու համար Հյուսթոնի Սբ Գևորգ և Դալլասի Սբ Սարգիս հայկական եկեղեցիներում կազմակերպվել է հանգանակություն:
Սբ Գևորգ հայկական եկեղեցու հաղորդագրության մեջ մասնավորապես գրված է՝
«Թեմը տեղեկացնում է, որ տուժածներին օգնության ձեռք մեկնելու համար ձևավորվել է Սբ Գևորգ օգնության ֆոնդը: Ցանկացած չափի նվիրատվության համար խորհին շնորհակալ կլինենք: Ձեր մասնակցությունը խիստ կարևոր է:
Խնդրում ենք ձեր նվիրատվությունները կատարել Ամերիկայի հայկական եկեղեցու թեմի (630 երկրորդ պողոտա, Նյու Յորք, NY 10016) հուշագրությամբ, Սբ Գևորգ ջրհեղեղի օգնության ֆոնդին, կամ նվիրատվություն կարող եք կատարել հետևյալ կայքերում՝ կրեդիտ քարտով խնդրում ենք նվիրաբերել այս հղումով` www.stkevork.org/relief, իսկ Paypal համակարգով` www.paypal.com/us/fundraiser/charity/147474:
Կոչ ենք անում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին և մնացած հայությանը ձեռք մեկնել «Հարվի» փոթորիկից տուժած հայ ընտանիքներին, օգնության ձեր մասնաբաժինը նվիրաբերելով նշված հիմնադրամին:
Նշենք նաև, որ 2005 թվականին «Կատրին» փոթորիկին զոհ գնաց գրեթե 2000 մարդ և երկրի երեսից գրեթե ջնջեց Նոր Օռլեան քաղաքը, իսկ «Հարվին» «Կատրին» փոթորիկից ավելի ուժգին է եղել: Ու թեև այս պահին դեռ վերջնական պատկերացում չկա փոթորիկի հասցրած վնասների չափի մասին, սակայն նախնական տեղեկություններն արդեն իսկ թույլ են տալիս եզրակացնել, որ վնասներն այս անգամ պետք է որ աննախադեպ լինեն:
Արմինե Գրիգորյան



