Սոթքում բացվել են մանկապարտեզ եւ հանդիսությունների սրահ
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի սահմանամերձ Սոթք գյուղում նորաբաց մանկապարտեզն այսօրվանից ընդունել է 3-4 տարեկան առաջին 33 սաներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը, մանկապարտեզի շինարարությունը մեկնարկել էր 2013 թվականից եւ ավարտին հասցվեց այս տարվա ընթացքում: «Մանկապարտեզը որոշեցինք կազմակերպել դպրոցի շենքի վթարային հատվածի մասնաշենքերից մեկում: Համագործակցեցինք «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության հետ, որի միջոցներով՝ մոտ 18 միլիոն դրամի ներդրմամբ, իրականացվեցին շենքի ներքին հարդարման, խոհանոցային մասի, սանհանգույցի, ջեռուցման համակարգի կառուցման եւ կահավորման աշխատանքները: Մոտ 17 միլիոն դրամ ներդրվել է Սոթքի գյուղապետարանի կողմից, ինչի շնորհիվ ապամոնտաժվել են շենքի երկրորդ հարկը, կառուցվել տանիքը եւ կատարվել շենքի ամրացման աշխատանքներ: Այժմ արդեն մանկապարտեզն ընդունում է իր առաջին սաներին»,- նշեց համայնքի ղեկավարը:
Համայնքում անհամբեր են սպասել այս օրվան, քանի որ կազմավորումից ի վեր, 1988 թվականի վերջերից սկսած, այստեղ մանկապարտեզ չի գործել: Ավելին, ծնունդների նկատելի նվազման պայմաններում մանկապարտեզ կազմակերպելու եւ նախաձեռնելու անհրաժեշտություն չի զգացվել: Սակայն, համայնքի ղեկավարի եւ բնակիչների հավաստմամբ, վերջին տարիների ընթացքում այստեղ ծնունդների նկատելի աճ է արձանագրվում, ինչն էլ իրատեսական է դարձնում նորաբաց մանկապարտեզի երկրորդ խմբի բացման հավանականությունը: «Եթե մինչեւ 2008-2009 թվականները մեր գյուղում տարեկան հազիվ 4-5 ծնունդ էր գրանցվում, հիմա այդ թիվը գերազանցում է 20-ը: Այսօր մանկապարտեզ ընդունված 33 սաները մեկուկես տարվա ընթացքում ծնված երեխաներն են: 12 երեխա էլ, արդեն 5 տարեկան, հաճախում են նախակրթարան: Իսկ այս ուսումնական տարում Սոթքի միջնակարգ դպրոցի առաջին դասարան են հաճախում 22 աշակերտ: Մի խոսքով, Սոթքը զարգանում է: Անկասկած է, որ եկող տարում կհավաքագրենք նաեւ մանկապարտեզի երկրորդ խումբը, անգամ՝ մեզ մոտիկ հարեւան համայնքներից: Մանկապարտեզն առայժմ գործելու է անվճար, Սոթքի գյուղապետարանի միջոցների հաշվին»,-ասաց Կոլիկ Շահսուվարյանը:
Նույն օրը Սոթքի բնակիչները մասնակցեցին նաեւ գյուղի հանդիսությունների սրահի բացման արարողությանը: Հանդիսությունների սրահը կառուցվել է միջնակարգ դպրոցին եւ մանկապարտեզին կից տարածքում: «220-տեղանոց հանդիսությունների սրահը կառուցվել եւ կահավորվել է գյուղապետարանի միջոցներով՝ 20 միլիոն դրամի ներդրմամբ: Այսուհետեւ համայնքի բնակիչներն այստեղ կնշեն իրենց ուրախության կամ տխրության հետ կապված բոլոր արարողությունները: Այն լիարժեքորեն կծառայի համայնքի բնակիչների կարիքներին»,-հավաստեց գյուղապետը:
Խոսրով Խլղաթյան



