Փաշինյանն ընդդեմ Շամշյանի
АНАЛИТИКА
Երկար ժամանակ է, ինչ Գագիկ Շամշյանը գրավել է հայաստանյան տեղեկատվության սկանդալային հատվածը ու, կարծես, մրցակիցներ չունի: Ավտովթարների, ողբերգական միջադեպերի, բռնության տեսարանների առաջին հաղորդողը Շամշյանն է: Ավելին ՝ նա նույնիսկ սովորական դիտարկողից վերածվել է մասնակցի ՝ դեպքի վայրում ուղղորդում է ԱԻՆ աշխատակիցների, հորդորում ՃՈ աշխատակիցներին, ուղղորդում քաղաքացիներին: Թվում էր, թե այդպես լինելու էր միշտ: Բայց վերջին շրջանում Շամշյանը լուրջ մրցակից ունի` և ոչ լրատվական ոլորտից:
Խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, որը ժամանակին եղել է լրագրող, բայց այժմ զբաղվում է քաղաքականությամբ: Փաշինյանի լրագրող եղած ժամանակ լայվ մտնելու հնարավորություններ չկային: Նույնիսկ լրատվական կայքեր չկային, և չի բացառվում, որ նաև այս պատճառով է միակ ընդդիմության առաջնորդը հավեսը հանում հիմա:
Կարող է թվալ, թե ինչ վատ բան կա նրա մեջ, որ քաղաքական գործիչն ուղիղ եթեր է մտնում ու փորձում է հասանելի, թափանցիկ լինել: Առաջին հայացքից ոչինչ էլ չկա: Միայն թե ուղիղ եթերները ծառայում են ոչ թե քաղաքացիների հետ երկխոսության, այլ, օրինակ քննարկվող միջադեպի կենտրոնում հայտնվելու և քաղաքացիներին հանգստացնելու հետ: Բացի այդ, ցանկացած հավելյալ քաղաքական գործիք, այդ թվում տեխնոլոգիայի հնարավորությունների օգտագործումը, արդյունավետ է, եթե դրա հիմքում կա քաղաքական ասելիք ու բովանդակություն: Մյուս դեպքերում այդ գործիքների կիրառումն ընկալվում է այլ կերպ: Ստացվում է, որ Փաշինյանն ավելի շատ լրագրողի, դիտարկողի, ընդ որում, Շամշյանի ոճի լրագրողի վարք է դրսևորում, քան քաղաքական գործչի:
Այլապես կարիք չէր լինի ուղիղ եթեր մտնել Նաիրիտից ու վերցնել պետության ֆունկցիաները ՝ հանդարտեցնել բնակիչներին, այլ կարելի կլիներ դրանից հետո, ուղիղ եթերով հասկանալ, թե ինչու է Նաիրիտն այդ վիճակում, ինչ է կատարվել, ինչ է վառվել, ինչու չեն վճարվում աշխատավարձերն այդ գործարանում, որն է գործարանի ապագան և այլն: Բայց այս ամենը բարդ, նաև մասնագիտական զբաղվածություն է պահանջում, այնինչ տեխնոլոգիաներն առաջարկում են իմիտիացիա անելու ավելի մատչելի գործիքներ:
Սարգիս Մեսրոպյան




















































