Եթե Էրդողանը մեզ դեմ է, ուրեմն ճիշտ ճանապարհի վրա ենք. Բունդեսթագում Ցեղասպանության մասին բանաձևի համահեղինակ Օզդեմիր
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած Կանաչների կուսակցության պատգամավոր Ջեմ Օզդեմիրը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ որոշ գերմանական կուսակցությունների ձայն չտալու կոչը:
Հիշեցնենք, որ գերմանաբնակ թուրքերին ուղղված կոչում Էրդողանը պահանջել էր ընտրությունների ժամանակ չքվեարկել նաև Կանաչների կուսակցության օգտին՝ անվանելով նրանց «Թուրքիայի թշնամի»:
«Այդ ցուցակում լինելը մեզ համար մեծ պատիվ է: Եթե Էրդողանը մեր անունը չտար՝ կտխրեի: Եթե նա մեզ դեմ է, դա նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք», - ասել է Բունդեսթագի թուրք-չերքեզական ծագում ունեցող պատգամավորը:
Նա նաև նկատել է, որ Էրդողանի «սև ցուցակում» չկան գերմանական ծայրահեղ աջակողմյան, ազգայնական կուսակցությունները՝ չնայած դրանք առանձնանում են մահմեդականների և առանձին դեպքերում հենց թուրքերի դեմ իրենց թշնամանքով:
«Ամեն ինչ ակնհայտ է. աշխարհի բոլոր ազգայնականները՝ լինեն գերմանացի, թե թուրք, շատ մոտ են իրար իրենց աշխարհայացքով», - ասել է Օզդեմիրը՝ ազգայնական անվանելով նաև Թուրքիայում Էրդողանի հիմնած ու ղեկավարած կուսակցությանը:



