Կարապետյանի ու Սարգսյանի նույնությունը
АНАЛИТИКА
Սերժ Սարգսյան - Կարեն Կարապետյան հակադրությունը վաղուց դարձել է հայաստանյան քաղաքական կյանքի հիմնական օրակարգը և գործընթացը: Կամա թե ակամա հենց այս հակադրության ծիրի ներքո են ընթանում մյուս բոլոր քաղաքական գործընթացներն, ընդհուպ ընդդիմադիր դաշտում: Հակադրությունը, սակայն, սուր կոնֆրոնտացիայի չի վերաճում և մնում է հարաբերական գրոհների ու հակագրոհների մակարդակում: Հակադրության հիմնական դրսևորումներն էլ հրապարակավ չեն, այլ կուլիսներում. հրապարակավ են միայն կոնֆլիկտներին հետևող տեղեկատվական արտահոսքերը կողմերի մասին:
Ի՞նչ է իրենից ներկայացնում այս հակադրությունը: Կա Սերժ Սարգսյանի կլան, որի հիմնական ռեսուրսները հայաստանածին են: Եվ կա Կարեն Կարապետյանի կլան ՝ ռուսաստանածին ռեսուրսներով: Քաղաքական է նրանց միջև հակադրությունն այնքանով, որքանով որ քաղաքական է ցանկացած բան: Այն առնվազն գաղափարական ու ծրագրային չէ: Հակադրության խաղադրույքը՝ թե որ կլանն է իշխելու կամ լինելու խաղի կանոնների հիմնական թելադրողը:
Կարապետյանի թիմը փորձում է, ի հակադրություն Սարգսյանի, ներկայանալ որպես «պրադվինուտի», զարգացած, նորարար, բաց: Սրանք բավարար են հանրային որոշակի հատվածի համակրանքը շահելու համար, բայց առանց խոշոր ներդրումների, հայտարարվող լոզունգներն ու արտաքին գեղեցիկ տեսքը չեն կարող ուժի բալանսը թեքել այդ կողմ: Սարգսյանի թիմը հպարտանալու քիչ բան ունի: Կայացած համակարգերից երկուսը ՝ բանակը և ԱԻՆ-ը, այս և անցնող տարում արդեն հասցրել են ենթարկվել ծանր փորձության և ըստ էության կորցրել են հանրության լոյալությունը շահելու գործիք լինելու օգտակարությունը: Բացի այդ, հասարակության մեծ մասի համար իշխանություն, հետևաբար՝ իրավիճակի պատասխանատու, ընկալվում է Սարգսյանը, ոչ թե՝ Կարապետյանը: Լավագույն դեպքում Կարապետյանը կարող է ընկալվել որպես օտար, ով փորձում է փոխել համակարգը և նրան չեն թողնում աշխատել, իսկ վատագույն դեպքում ՝ մարդ, ով չդիմացավ ու ընկրկեց:
Սարգսյանական կլանի հիմնական տարբերությունը Կարապետյանականից այն է, որ առաջինի ստեղծած մեխանիզմը որոշակիորեն ենթադրում է սեպարատ վարք կայսրությունից, որոշակի մանևրներ այլ ուժային կենտրոնների հետ, գործիքակազմի տեղական բովանդակություն: Կարապետյանն, ընդհակառակը, առաջարկում է թե՛ փողը, թե՛ գործիքակազմը բերել Ռուսաստանից:
Երկու կլաների մոտիվացիաներում տարբերություն շատ քիչ կա՝ երկուսն էլ փորձում են պահել իշխանությունը և ավելանել իրենց մասնաբաժինն իշխանության մեջ: Սարգսյանն այս խաղում ներկայացնում է ինքն իրեն, Կարապետյանը ներկայացնում է այլոց շահերը: Ու եթե կարելի է Սարգսյանի սեպարատ վարքը, որ միշտ չէ, որ հաջող արդյունքի է բերում, անվանել հայաստանակենտրոնություն, թող այդպես լինի, ապա ոչ Հայաստանը, ոչ նրա անկախությունն ու զարգացումն այս հակադրության կռվախնձորը չեն. կռվախնձորը մեկն է ՝ ադմինիստրատիվ իշխանությունը:
Սարգիս Մեսրոպյան




















































