Ո՞ւմ պետք է դիմի ընտրողը, եթե չի լինելու մեծամասնականով ընտրված պատգամավոր
ИНТЕРВЬЮ
Գործող Սահմանադրությամբ ընտրողները մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներին կարող էին իրենց հարցերով դիմել և բարձրացնել տվյալ ընտրատարածքին առնչվող խնդիրները:
Նոր Սահմանադրությամբ` խորհրդարանում կհայտնվեն միայն համամասնական ցուցակով հայտնված պատգամավորները, այս դեպքում ընտրող-պատգամավոր հետադարձ կապը, կարծես չի ապահովվում:
Past.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանից հետաքրքվեց, թե եթե հանրաքվեն անցնի, ապա իրենց խնդիրներով ո՞ւմ պիտի դիմեն ընտրողները, եթե, օրինակ՝ այդ ընտրատեղամասում մի քանի ուժերն ստացել են բավարար քվեներ: Նա խորհուրդ տվեց դիմել հենց կուսակցություններին, իսկ թե որին, դժվարացավ պատասխանել, ապա ավելացրեց. «Թող դիմի այն կուսակցությանը, որին ձայն է տվել»:
ՀՀԿ-ական պատգամավորը չկարողացավ պատասխանել այն հարցին, թե ինչպես է կուսակցությունը հասկանալու, որ դիմողը հենց իր ընտրողներն է: Հարցրեցինք, թե ինչպես է տեղի ունենալու կուսակցությունների և ընտրողների միջև հետադարձ կապը նաև մի քանի այլ դեպքերում, մասնավորապես, եթե ընտրողը դժգոհ է համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորներից մեկի գործունեությունից, սակայն գոհ է կուսակցության ընդհանուր գործունեությունից, ապա ինչպես է «ստիպելու» այդ կուսակցությանը մյուս ընտրություններին չներառել իր ցուցակում վատ աշխատող պատգամավորին:
Ի պատասխան` Հակոբյանը մեկնաբանեց. «Նախագծի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ մենք վերանում ենք անհատի կերպարից և տեղափոխվում քաղաքական ինտիտուտների համակարգին: Այսինքն` յուրաքանչյուր պատգամավորի գործունեության համար պատասխան պետք է տա ոչ թե հենց այդ պատգամավորը, այլ քաղաքական կուսակցությունը, որը նրան ընդգրկել է ցուցակի մեջ»: Այլ կերպ ասած`ՀՀԿ-ական պատգամավորը խորհուրդ տվեց տվյալ դեպքում չընտրել այդ կուսակցությանը:
Լիլիթ Լալայան




















































