Իշխանության՝ «Ժառանգություն» խմբակցությունը մասնատելու քայլերը ցույց են տալիս, թե նրանք որքանով են ուզում պառլամենտական կառավարում. Արմեն Մարտիրոսյան
ИНТЕРВЬЮ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը երեկ հայտարարեց, որ դեկտեմբերի 1-ին նախատեսում են անցկացնել հանրահավաք և պարտադրելու են իշխանափոխություն: Քննադատները նշում են, որ այս շարժման մեջ գտնվող ուժերը նախկինում հաջողության չեն հասել:
Մասնավորապես՝ «Հիմնադիր խորհրդարանը» տապալել է «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը, իսկ «Ժառանգության» խորհրդարանական խմբակցությունում մնացել է միայն մեկ պատգամավոր, որը համանուն կուսակցության անդամ է՝ Զարուհի Փաստանջյանը:
Past.am-ը «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին հարցրել է՝ ո՞րն է այս անգամ հաջողության հասնելու երաշխիքը:
Պարոն Մարտիրոսյանը պատասխանեց, որ Հայաստանում որևէ մեկը հաջողության չի հասել, միայն իշխանություններն են «հաջողության» հասել:
«Նրանք խմբակային շատ մեծ «հաջողության» ունեն ազգային հարստությունը յուրացնելու ճանապարհով: Ըստ էության, մնացած բոլորը հաջողության դեռ չեն հասել: Որևէ երաշխիք, բնականաբար, չկա, որևէ գործընթաց երբևիցե երաշխավորված լինել չի կարող, ուստի ես չեմ կարծում, որ դա օբյեկտիվ քննադատություն է» ,- կարծիք հայտնեց Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ «Ժառանգություն» խմբակցությունում մեկ պատգամավոր է մնացել, Արմեն Մարտիրոսյանի պնդմամբ՝ իշխանությունները ոչ միայն «Ժառանգության» , այլ բոլոր ընդդիմադիրների նկատմամբ փորձելու են ինչ-ինչ մեթոդներ կիրառել և մասնատման փորձեր անել:
Ըստ նրա՝ բուն կուսակցությունը մասնատելը շատ ավելի դժվար է, որովհետև այստեղ անդամների թիվը ավելի շատ է: «Կեղծված ընտրություններում կուսակցությունը ստացել է 5 մանդատ: Այդ 5 մանդատը մենք չենք կարողանում տնօրինել, քանի որ տեղի է ունեցել իշխանության յուրացում: Ժողովրդի տված մանդատը դու չես կարողանում յուրացնել:
Իշխանության՝ «Ժառանգություն» խմբակցությունը մասնատելու քայլերը ցույց են տալիս, թե նրանք որքանով են ուզում պառլամենտական կառավարում: Իրենց քայլերը միայն ուղղված են վերատադրությանը: Եթե նրանք ցանկություն ունենային պառլամենատական կառավարում իրականացնել, ապա պետք է շահագրգիռ լինեին, որ կուսակցություններն ուժեղանան»,- ասաց մեր զրուցակիցը:
Արմեն Մարտիրոսյանը վերջում հավելեց, որ մասնակցելու են «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության հանրահավաքին, որը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին:
Լևոն Փանոսյան




















































