Դրամաշնորհային գումարների շորթման գործը մտել է ընդհատակ
АНАЛИТИКА
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի գումարների շորթման՝ բավականին աղմուկ հանած գործի մանրամասները պատկան կառույցներն առայժմ չեն շտապում հրապարակել:
Ըստ նախնական ինֆորմացիայի՝ մի խումբ մարդիկ իրար, հետ հանցավոր համաձայնության գալով, առանձնապես խոշոր չափերի գումարներ էին հափշտակել, օժանդակել էին հափշտակությանը, կեղծել էին փաստաթղթեր և այսպես ասած, մի քանի զրոյանոց գումար-եվրոներ լվացել:
Կլասիկ իմաստով սա սովորական կոռուպցիոն սկանդալ է: Ըստ հետաքննություն իրականացնող մարմնի տեղեկության՝ այս պահին գործում որպես մեղադրյալ ներգրավված 13 անձ կա՝ Տիգրան Սուքիասյանը, Գևորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաև Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը և Գեղամ Պետրոսյանը:
Ի դեպ, վերջին երեքի՝ Հ. Գյոնջյանի, Գ. Չիլինգարյանի և Գ. Պետրոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Բայց դեռ տեղեկություն չկա՝ հետախուզվողները հայտնաբերվե՞լ են, թե՝ դեռ ոչ, ինչ է արվել կամ արվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ, հետախուզումը միայն ՀՀ տարածքին է վերաբերում, թե ինտերպոլով էլ են նրանց փնտրում և այլն:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պաշտոնը ստանձնելուց հետո, անդրադառնալով այս աղմկահարույց գործին, լուրջ դեմքով հայտարարեց, որ այսուհետ պետք է ուժեղացնել դրամաշնորհների շրջանառության հանդեպ վերահսկողությունը:
Նրա խոսքով՝ այսուհետ դրամաշնորհներ ստացողները պետք է ստիպված լինեն ոչ միայն հրապարակել իրենց կազմակերպությունների անունները, այլև այն ծրագիրը, որի համար դրամաշնորհ են ստացել, իսկ ծրագրի ավարտից հետո էլ՝ արված աշխատանքի հաշվետվությունը: Եվ թվում է, թե Արդարադատության վերանշանակաված նախարարը որոշել է նոր գյուտ անել՝ շրջանցելով այն իրողությունը, որ դրամաշնորհ ստացող բոլոր կազմակերպությունների անուններն էլ հազար ու մի տեղում հրապարակվում են: Եվ ընդամենը պետական պատկան կառույցների ցանկության հարցն է՝ նրանք այդ անունները կտեսնե՞ն, թե՝ խնամքով կթաքցնեն:
Ով-ով, բայց նա գոնե պետք է որ լավ իմանար, որ Հայաստանում մինչ օրս որևէ կազմակերպություն հենց այնպես, առանց վերևների միջնորդության, երբեք էլ դրամաշնորհ չի ստացել: Հատկապես, երբ խոսք է գնացել 4 կամ 5 զրո ունեցող թվերի մասին: Դրամաշնորհային գումարները յուրացնելն էլ նորություն չէ ոչ մեկի համար: Բայց անկեղծ ասած, նախարարի այս առաջարկը մտավախություն է առաջացնում, որ վերահսկողությունը մեծացնելու անվան տակ կարող է որոշներն առիթավորվեն ու դրամաշնորհաշրջանառությունը վերահսկելու ֆունկցիան, իրենց վրա վերցնելով, ստեղծեն այն լվանալու ավտոմատ համակարգ, հետո այդ գումարները տեղափոխեն ավելի պաշտպանված ու «անվտանգ» վայր, որտեղից՝ արդեն բավականին ստերիլ թղթեր կազմելով ներկայացնեն՝ իբրև թե ոչինչ էլ չի եղել:
Ի դեպ, ուշագրավ է, որ երեք հետախուզվողների անունները շատ չեն շրջանառվում: Ամենայն հավանականությամբ, իշխանությունները նպատակ ունեն այս գործն էլ շատ գործերի նման պատրակել, որպեսզի հանկարծ աշխարհով մեկ խայտառակ չլինեն: Այս դեպքում ոչ թե փող լվալու հիվանդությունը կբուժվի, այլ դաշտ կստեղծի, որ փողի լվացքով զբաղվողները ավելի ճարպիկ սցենարներ նկարեն ու այդպես ուտեն փող-եվրոները, որի հետևանքով ո՛չ հիվանդը կբուժվի, ո՛չ էլ երևույթը կվերանա:
Արմինե Գրիգորյան




















































