Փողն ու պատվերը նոր են ստացել. Արամ Գասպարի Սարգսյանը՝ «Ելք» դաշինքի առաջարկի մասին
ИНТЕРВЬЮ
Անդրադառնալով «Ելք» դաշինքի՝ բոլշևիկ և կոմոնունիստ գործիչների անունները կրող երևանյան փողոցները վերանվանելու առաջարկին, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն ասաց, որ կարող է շատ կոպիտ պատասխանել:
«Իմ կոռեկտությունը թույլ չի տալիս, որ ասեմ՝ ինչ եմ մտածում այդ մարդկանց, նրանց գրագիտության և պատմության իմացության մակարդակի մասին: Էլ ուրիշ անելու բան չունե՞ն: Այսօրվա խնդիրները թողել, շոշափում են պատմությունն ու այն թեմաները, որոնց չեն տիրապետում»,- Past.am-ի հետ զրույցում նշեց պարոն Սարգսյանը:
Ըստ նրա ՝ երբ առաջարկ անողներն իմանան Մյասնիկյանի, Խանջյանի և մյուսների գործերի մասին, նոր կխոսեն: Մեր զրուցակիցն ընդգծեց՝ այդ տարիերին Կոմկուսի բոլոր առաջին քարտուղարներն ազգային նկարագրով մարդիկ էին: ՀԴԿ ղեկավարը փոխանցեց նաև, որ կարող է փաստերով պատասխան տալ, սակայն անլուրջ է համարում այդ խոսակցությունները:
«Կրկնօրինակում են այն ամենն, ինչ կատարվում է Ուկրաինայում: Ի՞նչ պատահեց, թող տասը տարի առաջ խոսեին: Փողն ու պատվերը նոր են ստացել: Եթե դա նրանց համոզմունքն էր, թող վաղուց ասեին: «Ելք» դաշինքը նոր է, բայց այն գլխավորող մարդիկ նոր չեն ասպարեզում: Իմ չափ հաստատ չեն քննադատել խորհրդային ռեժիմը: Լինելով այդ ռեժիմի մասնիկը՝ սուր քննադատել եմ այն: Իմ կենսագրությանը ծանոթ մարդիկ կհաստատեն: Կրկնում եմ՝ լուրջ չեմ համարում սա, որպեսզի պատասխանեմ»,- նշեց Արամ Գասպարի Սարգսյանը:
Լևոն Փանոսյան




















































