ԱՄՆ-ն ցանկանում է ստիպել Կիմ Չեն Ընին բանակցությունների սեղանի շուրջ նստել. Պետդեպի ներկայացուցիչ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ն ցանկանում է ստիպել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին բանակցությունների սեղանի շուրջ նստել՝ նրան ցույց տալով, թե ինչ հետևանքներ են նրան սպասվում, եթե նա չդադարեցնի սադրանքները: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Հիզեր Նոյերթը, գրում է ТАСС-ը:
«Ճանապարհներից մեկը, որոնք, ինչպես մենք ենք կարծում, կօգնեն ստիպել Կիմ Չեն Ընին նստել բանակցությունների սեղանի շուրջ, նրան իր գործողությունների հետևանքները ցույց տալն է: Իսկ հետևանքները կլինեն այնպիսին, որ մենք իրավիճակն է՛լ ավելի կբարդացնենք նրա համար»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում իրավիճակը Կորեական թերակղզու շուրջ շարունակում է խիստ լարված մնալ: Միացյալ Նահանգները բազմիցս հայտարարել է, որ «Փհենյանի նկատմամբ ռազմավարական համբերության ժամանակաշրջանն արդեն ավարտված է» և որ միջուկային ծրագիրն ակտիվ զարգացնող Կորեայի դեմ, հնարավոր է, ռազմական ուժ կիրառվի: Մինչդեռ պաշտոնական Փհենյանը սպառնում է ջախջախիչ հարված հասցնել ԱՄՆ-ին:
Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Փհենյանն ուսումնասիրում է ցանկացած պահի գործողության միջին և մեծ շառավիղով «Հվասոն -12» հրթիռներով Գուամ կղզում Միացյալ Նահանգների ռազմաբազաներին հարվածելու վերաբերյալ ծրագիրը: Սրան ի պատասխան Թրամփն ասել էր, որ Գուամին հարվածելու դեպքում, ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի հետ այնպիսի բան կանի, որ նախկինում ոչ ոք չէր տեսել:
Այնուհանդերձ՝ վերջին մի քանի օրերին 2 պետությունների ղեկավարները նախընտրել են մի կողմ դնել ռազմաշունչ հայտարարությունները: Մասնավորապես՝ Կիմ Չեն Ընն ասել է, որ պատրաստ է միառժամանակ հետաձգել Գուամին հարվածելու որոշման իրականացումն ու տեսնել, թե ԱՄՆ-ն իրեն ինչպես կդրսևորի, իսկ Թրամփը հավանություն է տվել այս որոշմանը:



