Թուրքիայի քրդամետ կուսակցության խոսնակը իշխանություններին մեղադրել է 2016-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խոսնակ Օսման Բայդեմիրը երկրի իշխանություններին մեղադրել է նախօրոք մտածված պլանի համաձայն` 2016-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
Օսման Բայդեմիրը կուսակցության «Խղճի և արդարության» ակցիայի ժամանակ հանդես գալով հայտարարությամբ՝ ասել է. «Թուրքիայի իշխանությունները, ոչ թե տուժող են կազմակերպված հեղաշրջման փորձի մեջ այլ հենց իրենք են կազմակերպել այն»:
«Դուք եք կազմակերպել և բեմականացրել 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը»,- հավելել է Բայդեմիրը:
Քուրդ պատգամավորը նաև հիշեցրել է, որ գյուլենականներին, որոնց պաշտոնական Անկարան համարում է հեղաշրջման փորձի կազմակերպիչ և զանգվածային ձերբակալություններ իրականացնում նրանց շրջանում Էրդողանը և նրա իշխանությունը 12 տարի շարունակ աջակցել են:
2016 թվականի նոյեմբերից կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից: Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելով» մեղադրանքներով:



