Թուրքիան պահանջել է Գերմանիայից արտահանձնել հեղաշրջման փորձի գլխավոր մեղադրյալներից մեկին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Գերմանիային՝ մեղադրելով այդ երկրին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր մեղադրյալներից Ադիլ Օքսյուզին թաքցնելու համար:
Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, Թուրքիան պահանջել է Գերմանիայից արտահանձնել Օքսյուզին:
Ավելի վաղ Թուրքիան 4 մլն թուրքական լիրա (մոտ 1 մլն 300 հազար ԱՄՆ դոլար) է խոստացել հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համակիրներից Ադիլ Օքսյուզի մասին տեղեկություն հաղորդելու համար:
Օքսյուզը համարվում էր թուրքական ԶՈՒ-ում գյուլենականների գլխավոր համակարգողը և ձերբակալվել էր «Աքընջը» ավիաբազայի տարածքում հեղաշրջման փորձից անմիջապես հետո՝ հուլիսի 16-ին: Նրան ավելի ուշ բաց էին թողել:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:



