Մերժելով միջնորդների առաջարկները՝ Բաքուն իր վրա է վերցնում իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը. ՀՀ ԱԳ նախարար
ПОЛИТИКАՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային նորանշանակ ղեկավար Պատրիկ Վիալի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում կազմակերպության մարդասիրական ակտիվ գործունեությունը՝ միաժամանակ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը սերտորեն համագործակցել կազմակերպո ւթյան հետ և ամենայն աջակցություն ցուցաբերել հումանիտար ճգնաժամերի կանխմանն ուղղված նրա ջանքերին: Ինչպես«Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Պատրիկ Վիալը ներկայացրել է տարածաշրջան իր այցելության նպատակն ու արդյունքները, Բավքում և Ստեփանակերտում ունեցած հանդիպումների տպավորությունները։ Նա նշել է, որ կազմակերպությունը շարունակելու է հավատարիմ մնալ իր չեզոք մարդասիրական առաքելությանը:
Անդրադրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ամրապնդման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նախաձեռնություններին, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է, որ մերժելով միջնորդների առաջարկները՝ Բաքուն իր վրա է վերցնում իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը:
Էդվարդ Նալբանդյանը դրական է գնահատել ԿԽՄԿ գործունեությունը հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ։ Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է. «Բաքվի կողմից զուտ հումանիտար հարցերը և դրանց շուրջ համագործակցությունը քաղաքականացնելու և շահարկելու փորձերը ի ցույց են դնում ադրբեջանական կողմի անհարգալից վերաբերմունքը զոհերի և անհայտ կորածների նկատմամբ»:
ԿԽՄԿ տարածաշրջանային տնօրենը բարձր է գնահատել անհայտ կորածների ճակատագրերը պարզելու հարցում Հայաստանի կառուցողական համագործակցությունը։



