Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց հնագիտության զարգացմանը նպաստող միջոցառումների 2017-2025 թվականների ծրագրին և ժամանակացույցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ծրագրի նպատակն է համապատասխան միջոցառումներով, գիտության ժամանակակից պահանջներին բավարարող պեղումներով և հետազոտություններով մարդու կենսագործունեության բոլոր ոլորտներին վերաբերող սկզբնաղբյուրների ձեռքբերումն ու աղբյուրագիտական բազայի համալրումը, միջազգային չափանիշներով լաբորատորիաների ստեղծումը: Ծրագիրը նախատեսում է հայկական պատմամշակութային ժառանգության բացառիկ հուշարձանների պեղումների ընդլայնում ու միջազգային համագործակցության ամրապնդում, հուշարձանակիր տարածքների թանգարանացում, զբոսաշրջային ծրագրերում ներգրավում, ինչպես նաև Վանի թագավորության պատմությունն ուսումնասիրելու նպատակով ուրարտագիտական կենտրոնի ստեղծում:
Ծրագրի ընդունմամբ ակնկալվում է շահագրգիռ կողմերի՝ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, բնագավառի գիտական կազմակերպությունների և բուհերի, ինչպես նաև միջազգային կառույցների հետ ակտիվ ու արդյունավետ համագործակցության արմատավորում: