Պահանջում եմ արդարացնել Արարատ Խանդոյանին. պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
ОБЩЕСТВОԿենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Արարատ Խանդոյանի պաշտպանը դիմում է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով արդարացնել Խանդոյանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արա Ղարագյոզյանը:
«Դիմել եմ Վերաքննիչ դատարան պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և նրան ազատ արձակել դատարանի դահլիճից: Բողոքը վարույթ է ընդունվել և առաջին նիստը նշանակվել էր օգոստոսի 15-ին, սակայն այսօր դատարանին միջնորդություն եմ ներկայացրել դատական նիստը հետաձգելու համար, որովհետև չեմ կարող ներկայանալ նիստին արձակուրդում գտնվելու պատճառով»,- ասաց Ղարագյոզյանը՝ ավելացնելով, որ իր պաշտպանյալն իրեն վերագրված արարքը չի կատարել:
Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել 2016թ. հուլիսի 20-ին Խորենացի փողոցից: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որում և ճանաչվեց մեղավոր և դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման:



