Խնամված ձեռքերն ու հարդարված եղունգները կնոջ այցեքարտն են: Միաժամանակ՝ մատնահարդարումը եւս ենթարկվում է նորաձեւության կանոններին, որոնք ամեն սեզոնին առաջարկում են թրենդային գույներ ու հետաքրքիր դիզայն:
Life.panorama.am-ը զրուցել է «H2O beauty lounge»-ի մասնագետ Մարիաննա Զաքարյանի հետ ու տեղեկացել, թե այս ամռանը նորաձեւությունը ի՞նչ թելադրանքներ ունի մատնահարդարման հարցում:
Խոսելով գունային նորաձեւության մասին մատնահարդարը նշեց.
«Նախ մինչ նորաձեւ գույներին ուշադրություն դարձնելը, հարկավոր է տեղյակ լինել, որ երանգներ ընտրելիս մաշկի գույնը շատ կարեւոր է: Եթե մուգ մաշկ ունի կինը, ապա ավելի գեղեցիկ է, երբ ընտրում է նեոնային երանգներ՝ վառ ու արտահայտիչ, իսկ եթե բաց մաշկ ունի, ապա հաճելի են ավելի բաց ու նուրբ երանգները: Առհասարակ այս տարի նորաձեւ են բաց դեղինը երկնագույնը, վառ վարդագույնը, պաստելային երանգները: Գույների մասին խոսելիս նշեմ նաեւ, որ սպիտակն ու սեւը միշտ են ակտուալ, սրանք այն գույներն են, որոնք երբեք նորաձեւությունից դուրս չեն գալիս. իհարկե, ամռանը սպիտակը շատ ավելի համահունչ է, քան սեւը: Ի դեպ՝ սպիտակը համահունչ է ինչպես մուգ, այնպես էլ բաց մաշկ ունեցողներին, իսկ արեւայրուքի հետ այն հրաշալի է համադրվում»:
Դիզայնի առումով մատնահարդարը խորհուրդ տվեց կենտրոնանալ ծովային թեմայի վրա.
«Քանի որ ամռանը շատերն են մեկնում հանգստի, հետաքրքիր են դիտվում, երբ դիզայնը արվում է ծովին համահունչ: Շատ ակտուալ են, երբ եղունգների վրա նկարվում են դելֆիններ, պալմաներ եւ անգամ, ծովի ալիքներ: Հիմա նորաձեւ են նաեւ կիսալուսնաձեւ եւ օմբրե դիզայնը, բայց դրանք այնքան էլ հարմար չեն լինի ծով գնալիս, փոխարենը դրանք շատ գեղեցիկ են դասական ոճի հետ համադրելիս»,- նկատեց նա:
Անդրադառնալով կտրվածքներին՝ Մարիաննան նշեց, որ նորաձեւություն են վերադարձել եղւնգների նշաձեւ, կլոր եւ օվալաձեւ կտրվածքները:
«Այս պարագայում եւս պետք է հետեւել ոչ թե նորաձեւությանը, այլ սեփական տվյալներին: Նշաձե (սուր), կլոր, օվալաձեւ կամ քառակուսի կտրվածքները կախված են ըստ կնոջ մատների ձեւից: Օրինակ, եթե կնոջ կուտիկուլան օվալաձեւ է, ապա ավելի գեղեցիկ է, երբ եղունգներն էլ օվալաձեւ են կտրվում: Այս տարի շատ նորաձեւ են նշաձեւ (սուր) կտրվածքը, բայց այս պարագայում եւս նախ պետք է հասկանալ, թե որքանով այն համահունչ կլինի տվյալ կնոջ ձեռքերին»,- հավելեց մասնագետը: