Երեւանի կենդանաբանական այգում օգոստոսի 5-ին պաղպաղակի տոն կանցկացվի
ОБЩЕСТВО: Երևանի կենդանաբանական այգու հանրային տարածքում oգոստոսի 5-ին «Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակում կանցկացվի արդեն ավանդական դարձած «Պաղպաղակի օր» տոն-միջոցառումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առավոտյան ժամը 10-ից մինչ ուշ երեկո այցելուներին սպասվում է ուրախ երաժշտություն, խաղ-մրցույթներ ու շատ-շատ պաղպաղակ խորհրդանշական ընդամենը 50 դրամ արժողությամբ։
Պաղպաղակի վաճառը կիրականացվի առավոտյան 10:00-ից 15:00-ն, իսկ դրանից ստացված ողջ հասույթը կուղղվի Կենդանաբական այգու անդրկովկասյան գորշ արջերի խնամքին։ Քաղցրահամ հյուրասիրությունը տրամադրում է «Աշտարակ Կաթ» ընկերությունը։
Այգու հանրային տարածքում այցելուներին է սպասվում նաև էկոտաղավար, որտեղ դպրոցահասակ երեխաները տեղում թափոններից կպատրաստեն պաղպաղակի մակետ, իսկ այցելուները հնարավորություն ունենան հետևելու երեխաների աշխատանքի ընթացքին։
Օրը հրաշալի առիթ է տեսնելու, թե ինչպես են Այգու անդրկովկասյան արջուկները վայելում մրգերով, բանջարեղենով ու մսակտորներով պատրաստված հատուկ #արջային #պաղպաղակը։



