Արևմտյան Հայաստանում ծավալուն շինարարություն և արագ բնակեցում է իրականացվում. Էդիկ Մինասյան
ОБЩЕСТВОԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձավ Արևմտյան Հայաստանում հայկական մշակութային կոթողների պահպանությանը։
«Քրդերի մեջ երկակի վերաբերմունք կա, քրդեր կան, որոնք մոտենում են և կարծես չհաշտվելով իրականության հետ փորձում են ցույց տալ, որ իրենց պապենական հողերն են, և հարց են բարձրացնում, թե ինչու եք գալիս և ինչ նպատակներ եք հետապնդում: Բայց կան նաև քրդեր, որոնք արտաքուստ ուրախությամբ են դիմավորում և կոչ անում միանալ թուրքերի դեմ կռվել, իսկ հետո հողերը վերցնել և կիսել»,-ասաց Էդիկ Մինասյանը, ով վերջերս է այցելել Արևմտյան Հայաստան:
Ինչ վերաբերում է թուրքական իշխանության վերաբերմունքին, ապա պատմաբանն ասաց, որ նրանց վերաբերմունքը այլ է և հիմնական նպատակը տուրիզմի զարգացումն է:
«Թուրքերը այդ հողերը համարում են իրենց սեփականություն, և բացի այդ նկատել եմ, որ վերջին շրջանում այդ տարածքներում շինարարությունը բավականին շատ է և ծավալուն»,- ասաց նա և օրինակ բերեց, որ եթե 3-4 տարի առաջ Կարսի բնակչությունը 77 հազար էր, այսօր 83 հազար է հասել, իսկ Իգդիրի բնակչությունը 77 հազարից հասել է 89 հազարի է: «Այսինքն՝ բնակեցումը արագ մասշտաբներով իրականացվում է»,- ասաց նա:
Էդիկ Մինասյանը նաև նշեց, որ թուրքերի մոտ կա գիտակցում, որ այդ հողերը հայկական են:



