Այսօրվանից «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի նոր՝ 25 մասանոց «Դեպի երազանք» հեռուստասերիալը, որի մասին արդեն պատմել ենք: Գլխավոր հերոսին մարմնավորող Կարեն Ասլանյանը BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է իր կերպարի եւ նկարահանումների մասին:
««Առաջնորդները» սերիալի ավարտից հետո առաջարկ ստացա ներկայանալ նոր նախագծում: Կերպարս ամբողջովին տարբերվում է մինչ այս կերտած իմ բոլոր դերերից. մարմնավորում եմ Արմանին, ով իրավաբան է: Չեմ կարող ասել՝ որքանով է ինձ հարազատ այս կերպարը, բայց նա շատ կազմակերպված, համառ, կայուն, նպատակասլաց անձնավորություն է»,-նշել է նա:
Դերասանը պատմել է, որ մեկ ամսից ավելի տեւած նկարահանումներն անցել են շատ լավ մթնոլորտում.«Այդպես էր, իհարկե, նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի, ռեժիսոր Կարեն Ամյանի եւ ամբողջ թիմի շնորհիվ: Հաճելի էր աշխատել նրանց հետ եւ անհրաժեշտության դեպքում ստանալ նրանց աջակցությունը»:
Սերիալում Կարենի խաղընկերներն են Քրիստինե Եղոյանը, ով գլխավոր հերոսուհուն է մարմնավորում, Շուշան Երիցյանը, Յուլիա Ֆինկը, Լեւս Դավթյանը եւ այլ դեմքեր.«Նախագծում նկարահանվել են նաեւ հայտնի երգիչներ, հաղորդավարներ, ռեժիսոր, որոնք իրենք իրենց են մարմնավորել: Կարծում եմ՝ նոր մոտեցում է եւ հաճելի կլինի հեռուստադիտողին»,-ավելացրել է նա: