«Ժամանակի ստվերները». հետահայաց ցուցադրությամբ կներկայացվի Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը
КУЛЬТУРА
Հայաստանի նկարիչների միությունում օգոստոսի 25-ին կբացվի խորհրդահայ հայտնի լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի առաջին հետահայաց ցուցահանդեսը, որը կկրի «Ժամանակի ստվերները» խորագիրը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նկարիչների միությունից, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության եւ «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի կողմից ներկայացվող ընդգրկուն ցուցահանդեսը լույս կսփռի 20-րդ դարի վերջի խորհրդային լուսանկարչության անտեսված ժառանգության վրա եւ կներկայացնի Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը 1970-1995 թթ.:
Ցուցահանդեսի համադրողը Վիգեն Գալստյանն է, նախագծի ղեկավարը` Սոնա Հարությունյանը:
Ցուցահանդեսի բացման արարողության օրակարգում ընդգրկված է նաեւ Գերմանիայի Հալլե քաղաքում հրատարակված երկլեզու պատկերագրքի շնորհանդեսը, որն ընդգրկում է Գագիկ Հարությունյանի ողջ ստեղծագործական ուղին պատկերող 183 աշխատանք, որոնց մեծ մասը ներկայացվում է հանրությանն առաջին անգամ: Պատկերագրքի հովանավորներն են դոկտորներ Գիզելա եւ Ռայներ Ֆրիթչերները:
Դեռևս 1970-ականների սկզբին` Գագիկ Հարությունյանի լուսանկարները տարիներ շարունակ հրապարակվել են տեղական եւ համամիութենական պարբերական մամուլում: Նա միակ խորհրդահայ լուսանկարիչն է, ով պատկերել է Աֆրիկան եւ յուրատիպ շարքերով անդրադարձել Լատվիային, Էստոնիային, Ֆրանսիային, Բելգիային, Ավստրիային եւ այլ երկրների:
Այնուամենայնիվ, Գագիկ Հարությունյանի հիմնային նպատակն էր ստեղծել Հայաստանի կերպարանափոխվող հասարակության իրապես վերլուծական դիմանկարը, որը նա հետեւողականորեն կառուցել է՝ գործածելով հետազոտական պատկերաշարքերի նորարական ձեւաչափը:
1990-ականների վերջերին խոր հիասթափություն վերապրած արվեստագետը ոչնչացրել է իր տպված լուսանկարների գրեթե ամբողջ հավաքածուն: Պահպանված սեւապատկերներից շուրջ երկու հարյուրը վերականգնվել ու տպվել են այս նախագծի իրականացման համար պահանջված վեց տարվա ընթացքում:
Գագիկ Հարությունյանի առաջին հետահայաց ցուցահանդեսում մեկտեղված լուսանկարները ընդգծում են Հարությունյանի տեսլականի զարգացումը` 1970-ականների Հայաստանի բանաստեղծական պատկերավորումներից մինչեւ բարդ փիլիսոփայական հարցադրումներով հագեցած նրա վերջին պատկերաշարքերը:
«Ժամանակի ստվերները» ցուցահանդեսը նորովի է բացահայտում Գագիկ Հարությունյանի լուսանկարչական ստեղծագործության լայնամասշտաբ համայնապատկերը եւ հաստատում դրա առանցքային կարեւորությունն արդի հայ արվեստի պատմության համար:
Նախագիծն իրականացնում է «Մշակույթի և կառավարման լաբորատորիան» «Հարավային Կովկասի տարածաշրջանային արվեստ և մշակույթ» նախագծի շրջանակում՝ Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ (SCO):




















































