Հուլիս ամսին Սեւանա լճի ափամերձ հանրային լողափերում ջրափրկարարները 20 մարդու կյանք են փրկել
ОБЩЕСТВОՀուլիսի 1-31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության ջրափրկարարական ջոկատի անդամները Սեւանա լճի ափամերձ հանրային լողափերում 20 մարդու կյանք են փրկել՝ ժամանակին արձագանքելով բոլոր ահազանգերին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը, հուլիսի ընթացքում, հանգստյան շրջանի մեկնարկից մինչ այժմ, ջրահեղձության դեպք հանրային լողափերի տարածքներում չի գրանցվել միայն ջրափրկարարների աչալրջության ու մասնագիտական գործունեության շնորհիվ: «Հուլիսի ընթացքում ջրափրկարարները հանրային լողափերում փրկարարական աշխատանքներ իրականացնելիս ջրահեղձումից 20 մարդու կյանք են փրկել: Բարեբախտաբար, այս ամսին դժբախտ դեպքեր չենք ունեցել: Բացի այդ, մեր փրկարարներն արձագանքել են ոչ միայն ջրահեղձության, այլ նաեւ փրկարարական այլ կանչերի՝ կապված Սեւանա լճում մեքենաների հայտնվելու, ջրային այլ տարածքներում դրանց թաղվելու եւ արտակարգ այլ իրավիճակների հետ»,- պատմեց Գարիկ Հակոբյանը:



