Կրասար գյուղը նոր եկեղեցի ունի
ОБЩЕСТВОՇիրակի մարզի Աշոցք համայնքի կազմում գտնվող Կրասար գյուղը նոր եկեղեցի ունի: Գյուղը նախկինում եկեղեցի ունեցել է, սակայն քանդված եկեղեցու փոխարեն 1988 թվականից հետո գյուղի բնակիչները կառուցում են մի այնպիսի եկեղեցի, որը ոչ միայն ժամանակին որպես եկեղեցի չի օծվել, այլ նաև կառուցվել է ճարտարապետական շեղումներով: Չնայած այս ամենին եկեղեցում պատարագներ մատուցվել են: Իմանալով այս ամենը, Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ Պապիկյան եղբայրները, ովքեր ծնունդով հենց այս գյուղից են, նախաձեռնում ու իրենց միջոցներով գյուղում կառուցում են նոր եկեղեցի:
Հուլիսի 29-ին ձեռամբ թեմակալ առաջնորդի դռնբացեքով ազդարարվեց եկեղեցու օրհնությունը՝ օծվեցին սյուները, մկրտության ավազանն ու սուրբ սեղանը, նույն օրը օրհնվեց և տեղադրվեց նաև խաչը: Սբ Բարսեղ եկեղեցու բացմանը, ինչպես այսուհետ կոչվելու է Կրասարի եկեղեցին, եկել էին շատ հյուրեր տարբեր երկրներից, նրանք կա՛մ բարերարների հարազատներն էին, կա՛մ էլ գործընկերները: Հենց նրանց էլ անչափ հետաքրքիր էր թե ինչպիսի ուրախությամբ ու ցնծությամբ է հայը եկեղեցի բացում:
«Կրասարը վաղ թե ուշ եկեղեցի ունենալու էր, բայց Գառնիկ ու Գագիկ Պապիկյանները ցանկություն ունեցան եկեղեցի կառուցել՝ գիտակցելով դրա անհրաժեշտությունը: Սա հավիտենական կառույց է, քանի որ ժողովրդին է, այդ առումով շնորհակալ եմ բարերարներին»,- նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ հորդորելով կրասարցիներին սա վերջ չհամարել, այլ սկիզբ՝ նոր մկրտությունների, պատարագների ու ծեսերի:
Բարերարներին իր շնորհակալությունը հայտնեց նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ կարևորելով գյուղի համար եկեղեցու դերը:
«Երկրաշարժից հետո գյուղացիները նախանձախնդրորեն, հին եկեղեցու տեղում մի կառույց կառուցել էին, որը որպես եկեղեցի ծառայել էր, բայց այն իրական եկեղեցի չէր կարող համարվել, դրա համար պետք է նորոգում իրականացվեր, սակայն Պապիկյան եղբայրները որոշեցին այդ կառույցը թողնել այդպես փոխարենը նորը կառուցելով»,- նշեց Աշոցքի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Հարություն քահանա Պետրոսյանը՝ վստահեցնելով, որ եկեղեցին բաց կլինի նաև հարևան գյուղերի բնակիչների համար:
Արմենուհի Մխոյան



