Հանրաքվեի ՀՀԿ շտաբը կղեկավարի Հովիկ Աբրահամյանը
ПОЛИТИКАՍահմանադրական բարեփոխումների հանրաքվեի Հայաստանի Հանրապետական կուսակցության շտաբը կղեկավարի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Նիստի ընթացքում քննարկել ենք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քար ոզարշավին Հայաստանի Հանրապետական կուսակցության մասնակցությունը: Հանրապետության Նախագահը վարչապետ Հովիկ Աբրահամյանին հանձնարարել է ձևավորել շտաբը և ղեկավարել այն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:
Նա նշեց, որ վարչապետի պաշտոնը չի խանգարելու Հովիկ Աբրահամյանին, որպեսզի նաև միաժամանակ ղեկավարի կուսակցության շտաբը: «Կա հանրաքվեի մասին օրենք, որը թույլ է տալիս, որպեսզի նա կատարի կառավարության ղեկավարի իր գործառույթները և, միաժամանակ, ղեկավարի շտաբը: Վարչապետը մոտ օրերս կձևավորի շտաբերը, և մենք համատեղ ուժերով կշարժվենք առաջ»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:
Նա նաև նշեց, որ քարոզարշավի ընթացքում ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել սահմանադրական բարեփոխումներին կողմ այլ քաղաքական ուժերի հետ, որոնք կմասնակցեն քարոզարշավին և համագործակցելու ցանկություն կունենան: «Մեզ համար կարևոր է, որպեսզի մեր քաղաքացիները հնարավորինս տեղյակ լինեն սահմանադրական բարեփոխումների մասին: Ունենալու ենք հանդիպումներ մեր քաղաքացիների հետ: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի ժողովրդի մեծ մասը կողմ լինի սահմանադրական բարեփոխումներին, սակայն, ոչ պակաս կարևոր է, որպեսզի հանրաքվեն անցնի օրենքի տառին համապատասխան և համապատասխանի միջազգային չափանիշներին»,- եզրափակեց Շարմազանովը:



