«Նա գրավեց ինձ էկզոտիկ գեղեցկությամբ». Գեւորգ Գրիգորյանն իր այլազգի կնոջ մասին
ЛАЙФ
NEWS.am STYLE-ը գրում է.
Սերիալներից հայտնի դերասան Գեւորգ Գրիգորյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում, օրերս օրինականացրել է հարաբերություններն ընտրյալի՝ լուսանկարչուհի Յուլիա Կուրոչկինայի հետ:
Զույգը հանդիպել է Երեւանում, երբ Յուլիան այստեղ էր՝ տեսարժան վայրերը նկարելու նպատակով:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Գեւորգը պատմել է ռուսական արմատներ ունեցող Յուլիայի հետ ծանոթության, խանդի եւ իրենց համատեղ ծրագրերի մասին.
«Մենք ծանոթացել ենք պատահական՝ ընդհանուր ծանոթների շրջապատում: Յուլիան ինձ գրավեց ամեն ինչով՝ զուսպ պահվածքով, զարգացվածությամբ, գեղեցիկ ձայնով ու էկզոտիկ գեղեցկությամբ: Նույն օրը՝ առաջին հանդիպումից հետո, երբ գնաց, ես արդեն գիտեի՝ ՆԱ է»,-նշում է դերասանը:
Խոսելով կնոջ՝ իր մասնագիտության հանդեպ խանդի մասին՝ Գեւորգն ասում է.
«Խանդ չկա: Բացի դա՝ նա միշտ ինձ հետ է նկարահանման հրապարակում եւ ծանոթ է բոլոր խաղընկերներիս հետ»:
Գեւորգի խոսքով՝ ինքն ու Յուլիան շատ ընդհանրություններ ունեն. «Բնավորություններով, ճաշակներով եւ հետաքրքրություններով շատ նման ենք»:
Երիտասարդ զույգը դեռ չի որոշել, թե որ երկրում է բնակություն հաստատելու.
«Դեռ երկիրը չենք ընտրել: Գարնանը սարերում ձյունը կհալվի, կգնանք, կտեսնենք, կորոշենք»,-կատակում է դերասանը, որը ոտքի վիրահատությունից հետո արդեն անցել է սիրելի հոբբիին:
«Ամառն արդեն անցկացնում եմ մոտոցիկլետի վրա: Եղբայրներս ինձ օգնում են, որպեսզի կարողանամ նստել, իսկ մնացածն արդեն ինքնուրույն եմ անում: Մոտոցիկլետով Հայաստանից դուրս չեմ գնա, քանի դեռ ոտքս արտաքին երկաթներով է հավաքված: Հենց ոսկորներս կպնեն, եւ ամբողջությամբ ապաքինվեմ, արդեն կարելի է վստահ երթեւեկել»,-ասում նա:
Սյունե Առաքելյան




















































