Արդվի եկած «էկոլոգների» ընկերական զրույցը չստացվեց. գյուղացիներն աննկուն էին
ОБЩЕСТВОՇաբաթ օրը Լոռու մարզի Արդվի համայնք էին այցելել 4 անհայտ անձ, ովքեր ներկայանալով, թե բնապահպանությունից են, փորձում էին գյուղացիներին համոզել, որ իրենց գյուղում նախատեսվող Շեկաղբյուրի ոսկու շահագործումը վատ հետևանքներ չի կարող ունենալ։ Ըստ գյուղացիների՝ նրանք ավելի շատ փափուկ հող էի ցանկանում ապահովել հուլիսի 26–ին կայանալիք հանրային լսումների համար։
Գյուղացիների խոսքով՝ անծանոթ հյուրերը, որպես այդպիսին, չէին էլ ներկայացել։
«Ասեցին, թե էկոլոգիայից ենք։ Բայց ոչ պաշտոն ասացին, ոչ անուն–ազգանուն։ Մեկը ներկայացավ որպես Արմեն, սակայն համոզված չեմ, որ իր անունը տվեց։ Բայց ժողովուրդը հավաքվեց ու սկզբից ևեթ սկսեց բունտ անել, չլսել նրանց ու ասել, թե ի՞նչ գործ ունեք մեր գյուղում»,– պատմեց մեզ մի արդվեցի։
Գյուղացիները նրանց հարցրել են՝ դուք էկոլոգ ե՞ք, թե էկոլոգիա փչացնող, ինչին ի պատասխան՝ վերջինները ոչինչ չեն պատասխանել, միայն արդվեցիների դեմքին են նայել։ Արդվեցիների խոսքով՝ նրանք եկել էին համոզելու, որ գոնե հուլիսի 26–ին նախագիծը նայեն։
«Ասում են, որ իրենք բան չեն փչացնելու, անվտանգ հետախուզում են անելու։ Բայց մենք բոլորս պատասխանեցինք, որ դեմ ենք։ Մեզ ասացին, թե աշխատատեղ ենք ուզում բացել, իսկ մենք պատասխանեցինք, որ աշխատատեղ ունենք, մենք աշխատում ենք, մեր աշխատատեղը մի փակեք, բացել պետք չի։ Մենք անասնապահությամբ ենք զբաղվում, նրանց ասացինք, թե կարողանում եք ներդնում անել, ներդրում արեք գյուղատնտեսության, անասնապահության մեջ։ Եվ այդ ժամանակ ձեզ շատ լավ կընդունենք, բայց հանքարդյունաբերության մեջ ոչ մի ներդրում չենք ուզում»,– պատմեց մեզ մի արդվեցի։
Արդվեցիների պատմածներից մեզ նաև պարզ դարձավ, որ այդ խորհրդավոր հանդիպմանը ներկա է եղել նաև գյուղապետը։ «Փաստը» կապ հաստատեց նաև Արդվիի համայնքապետ Սամվել Կիրակոսյանի հետ՝ օրեր առաջ գյուղ այցելած անձանց ինքնության վերաբերյալ։ Սակայն գյուղապետը լսելով մեր հարցը՝ ասաց, որ հեռախոսով կամենտարիա չի տալիս, ու անմիջապես անջատեց հեռախոսը։
Այս ամբողջ պատմության մեջ շարունակում է հետաքրքիր մնալ իրենց էկոլոգներ կոչած անձանց պահվածքը։ Նրանք գյուղացիների հետ որպես շփման տարբերակ ընտրել էին, այսպես ասած, ընկերական–ախպերական խոսելաոճը։
Մի քանի հատված արդվեցիների պատմածներից.
«Ոչ օֆիցիալ, մենք ուղղակի ընկերական եկել ենք խոսանք, հասկանանք...
Ախպեր ջան, ցավդ տանեմ, մենք խոմ ձեր թշնամին չե՞նք։ Ձեր վատը չենք ուզում, ձեզ աշխատատեղ ենք բերելու»։
Բայց այս խոսքերին հավասարազոր, դեռ մի բան էլ ավելին պատասխան են ստացել։ Գյուղացիներից մեկը միանգամից վրա է բերել ու ասել, թե մենք հող ունենք, արի ես քեզ աշխատացնեմ. «Դու ի՞նչ պիտի տաս, որ ես իմ 10 կովը թողնեմ, գամ քո մոտ ժամով աշխատեմ։ Ես չեմ ուզում, աշխատատեղ ունեմ, իմ արոտավայրն եմ ուզում, իմ մաքուր օդը, իմ գյուղը»։
Ընդհանուր առմամբ այս խոսակցությանը մի 30–40 գյուղացի է ներկա եղել, իսկ հիմնական խոսակցությունը 30 րոպե է տևել։ Գյուղացիները չեն թողել նրանց երկար խոսել, դեռ ամեն կերպ փորձել են ընդհատել, հակադարձել և վերջում ասել, թե դրա համա՞ր եք եկել, ազատե՛ք գյուղը։
Հավելենք, որ Արդվիում ոսկու հանքի շահագործմանը դեմ գյուղացիները ստորագրահավաք էին կազմակերպել, որի տակ արդեն իսկ երեկվա դրությամբ 90 հոգի է ստորագրել։
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



