Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Չինաստանի ԱԳՆ հատուկ բանագնացին
ПОЛИТИКАՀայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Չինաստանի արտգործնախարարության հատուկ բանագնաց, Հայաստանում Չինաստանի առաջին դեսպան Ճաո Սիդիին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը խորհրդանշական է համարել Հայաստանում Չինաստանի առաջին դեսպանի այցը Հայաստան՝ որպես Չինաստանի ԱԳՆ հատուկ բանագնաց՝ կարևորելով այն հանգամանքը, որ դեսպանը առ այսօր իր նպաստն է բերում հայ-չինական բարեկամության ամրապնդմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սիդին Էդվարդ Նալբանդյանին փոխանցել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի ողջույնները և նշել, որ ուրախ է կրկին գտնվել Հայաստանում՝ որպես Չինաստանի ԱԳՆ հատուկ բանագնաց:
Զրուցակիցները, բարձր գնահատելով Հայաստանի և Չինաստանի միջև դինամիկ զարգացող հարաբերությունները, նշել են, որ ս.թ. մարտին ՀՀ Նախագահի՝ Չինաստան կատարած պետական այցելությունը նոր լիցք է հաղորդել բազմաոլորտ հայ-չինական համագործակցությանը։
Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել անկախությունից ի վեր Հայաստանին Չինաստանի կողմից տրամադրվող շարունակական աջակցության համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային կազմակերպություններում փոխգործակցության շուրջ, անդրադարձել են ՄԱԿ-ի բարեփոխումների գործընթացին:
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված ջանքերը: Այս համատեքստում դեսպան Սիդին վերահաստատել է Չինաստանի աջակցությունը խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:



