«Հուսով եմ, որ Փաստաբանների պալատը փաստաբանների կողքին կլինի». «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Փաստաբանների պալատի նախագահը մերժել է փաստաբան Արա Ղարագյոզյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը և դիմել ՀՀ ոստիկանապետին՝ Արա Ղարագյոզյանից ձեռագիր գրառումներով թուղթն առգրաված ոստիկանի վարքագիծը քննարկելու համար:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ՝ հունիսի 28–ին, Երևանի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող «Սասնա ծռերի» գործով դատարանի թիվ 1 դահլիճում դատական նիստից առաջ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ծառայողները առգրավել էին Արա Ղարագյոզյանին հասցեագրված ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի ձեռագիր գրառումներով թուղթը:
Ի վերջո, Փաստաբանների պալատը քննարկելով դատարանի դիմումը՝ գտել է, որ փաստաբան Արա Ղարագյոզյանի վարքագծում չկա փաստաբանի վարքագծի կանոնագրքի առերևույթ խախտում: Ըստ ՓՊ որոշման՝ վերլուծվել է երկու տարբերակ: Առաջին տարբերակի դեպքում, եթե փաստաբան Արա Ղարագյոզյանը չի ստացել իր պաշտպանյալ Արեգ Կյուրեղյանի կողմից ձեռագիր գրառումներով թուղթը, ապա չի կարող խոսք գնալ փաստաբանի վարքագծի մասին, իսկ ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի վարքագիծը դուրս է Փաստաբանների պալատի իրավական տեսադաշտից և չի կարող քննարկման առարկա դառնալ: Երկրորդ տարբերակի դեպքում, եթե փաստաբան Արա Ղարագյոզյանը ստացել է իր պաշտպանյալ Արեգ Կյուրեղյանի կողմից ձեռագիր գրառումներով թուղթը, ապա ակնհայտ է, որ չկա որևէ կոնկրետ ապացույց, որից կարելի էր հետևություն կատարել, որ փաստաբանն իմացել է այդ թղթի բովանդակության մասին: Եվ բացի այդ, ձեռագիր գրառումներով թուղթը ոստիկանի կողմից առգրավվել է փաստաբանից ի խախտումն փաստաբանի գործունեության երաշխիքների:
Եվ «Փաստաբանության մասին» օրենքի 21–րդ հոդվածի 7–րդ մասի համաձայն՝ փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել և որպես ապացույց օգտագործվել: Միաժամանակ, այս նույն հոդվածով սահմանվում է, որ արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց միջամտությունը փաստաբանական գործունեությանը:
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ «Փաստը» զրուցել է Արա Ղարագյոզյանի հետ, ով այս պատասխանը դրական գնահատելով՝ այնուամենայնիվ ասաց, որ քանի դեռ իր գործընկերների նկատմամբ շարունակվում են հետապնդումները և վարույթներ են հարուցվում, լիարժեք չի կարող հավաստել դրա դրական լինելը:
«Հուսով եմ, որ բոլոր վարույթները, որ մեր նկատմամբ հարուցվել են, ի վերջո կկարճվեն, և այս հետապնդումները կդադարեցվեն, իսկ Փաստաբանների պալատը փաստաբանների կողքին կլինի»,– նկատեց նա: Փաստաբանը նաև նշեց, որ այս բոլոր հետապնդումները հետևանք են նրա, որ «Սասնա ծռերի» շահերի պաշտպաններն են: Ինչպես ինքն է նշում, նման վարքագիծը նկատելի է նաև նրանց այլ քրեական գործերում: Դատավորները բացահայտ ցուցադրում են իրենց բացասական վերաբերմունքը պաշտպանների նկատմամբ: Իսկ ինչ վերաբերում է թուղթը առգրաված ոստիկանին, ապա ըստ պաշտպանի՝ նա շարունակում է իր աշխատանքը դատարանում, նորից գտնվում է նիստերի դահլիճում և պարբերաբար գալիս, Ղարագյոզյանի կողքին է կանգնում: «Իրավախախտները շարունակում են մեր պաշտպանյալներին ուղեկցել»,– նկատեց նա:
Ըստ Ղարագյոզյանի՝ «Սասնա ծռերը» իրականացրել են այդ ապստամբությունը, քանի որ երկրում չի գործել օրենք, իսկ դատավորները տեղում չեն եղել. «Եթե մեր դատավորները տեղում լինեին, դատարանները անկախ լինեին, այս ապստամբությունը տեղի չէր ունենա, այլ «Ծռերը» կդիմեին արդարադատությանը»:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



