Աշտարակի մարզադպրոցի սաներն այսուհետ մարզվելու են ավելի լավ պայմաններում
ОБЩЕСТВО: Դեռեւս խորհրդային տարիներից ոչ բարվոք վիճակում գտնվող Աշտարակի մարզադպրոցն այսուհետ ավելի լայն հնարավորություններ է ընձեռելու թե Աշտարակի, թե հարակից համայնքների մարզիկներին: Նրանց համար ստեղծվել են համապատասխան պայմաններ զարգացնելու հմտությունները նախընտրելի սպորտային ոլորտում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր մարզադպրոց եւ ծանոթացել իրականացված աշխատանքներին, որոնց համար պետբյուջեից հատկացվել էր 463 մլն դրամ:
«Սեւան» մարզական ընկերության նախագահ Բազմասեր Առաքելյանը տեղեկացրեց, որ այսուհետ Աշտարակի մարզադպրոցի շենք, շինությունները եւ դրանց զբաղեցրած՝ օգտագործման եւ սպասարկման համար անհրաժեշտ 0.8 հա հողամասը 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է «Սեւան» մարզական ընկերությանը որպես մարզադպրոց օգտագործելու նպատակով եւ 2017 թվականից մինչեւ 2021 թվականը յուրաքանչյուր տարի 3.0 մլն դրամի ներդրումներ կատարելու պայմանով:
«Սպորտը մեր կարեւոր հենակետերից է, եւ բազմիցս մեր դրոշը բարձրացվել է մի շարք երկրներում: Ունեցել ենք բազմաթիվ օլիմպիական, աշխարհի չեմպիոններ, եւ համոզված եմ՝ նրանց շարքերը համալրվելու են: Դպրոցն այժմ նախատեսված է շուրջ 400 երեխաների համար, ովքեր զբաղվելու են ըմբշամարտով՝ ազատ եւ հունահռոմեական, ծանրամարտով, շախմատով, բռնցքամարտով, վոլեյբոլով, ֆուտբոլով եւ այլն: Ես հետամուտ եմ լինելու, որ այս կառույցը, որի նմանները հանրապետության տարածքում շատ քիչ են, ընդլայնվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Բազմասեր Առաքելյանը՝ տեղեկացնելով, որ ցանկություն կա զարգացնելու նաեւ խաղային մարզաձեւերը:
Ծրագրի շրջանակում վերակառուցվել են մարզադպրոցի երկհարկանի N 2 եւ միահարկ N 3 մասնաշենքերը, իրականացվել են դրանց սեյսմազինվածության մակարդակի ավելացման միջոցառումներ, ներքին եւ արտաքին հարդարման, կահավորման, էլեկտրամատակարարման, ջեռուցման, գազամատակարարման, օդափոխության, կողույու համակարգերի կառուցման եւ այլ աշխատանքներ:
Տարածաշրջանում գործում է եւս 3 մարզադպրոց՝ Թալինում, Ապարանում եւ Քուչակում:



