Զինծառայողների հիմնադրամը փոխհատուցում կտրամադրի հունիսի 16 -17-ին զոհված 4 զինծառայողների ընտանիքներին
ОБЩЕСТВОԶինծառայողների ապահովագրման հիմնադրամի ակտիվների եւ պարտավորությունների կառավարման հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 14-ին, որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 4 զոհված զինծառայողների ընտանիքների:
Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արայիկ Ռուդիկի Մատինյանի, Վիգեն Ժիրայրի Պետրոսյանի, Նարեկ Տիգրանի Գասպարյանի եւ ժամկետային պարտադիր զինծառայող, սերժանտ Վարդան Ծովակի Սարգսյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ եւ 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի եւ «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետեւանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) եւ Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):
Հունիսի 17-ի առավոտյան եւս ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետեւանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Նարեկ Տիգրանի Գասպարյանը:
Հիշեցնենք, որ մինչ այս հիմնադրամից փոխհատուցում է ստացել 14 զոհված զինծառայողի ընտանիք եւ 2 վիրավոր (հաշմանդամ) զինծառայող:



