Քաղաքական գործիչներից ով որտեղ է հանգստանալու. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Մոտենում է ամառային հանգստի մեկնելու սեզոնը և բոլորը այս կամ այն կերպ պլանավորում են, թե որտեղ են անցկացնելու իրենց հանգիստը: «Փաստը» քաղաքական գործիչներից փորձեց պարզել, թե այս տարի ուր են մեկնելու, ավելի շատ պլանավորում են Հայաստանում անցկացնել իրենց հանգիստը, թե այնուամենայնիվ կմեկնեն հանրապետությունից դուրս:
ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Փաստի»–ն տեղեկացրեց, որ նոր է վերադարձել Արցախից, որտեղ շատ կարևոր հանդիպումներ է ունեցել տեղի իշխանությունների ներկայացուցիչների հետ:
«Ես նաև հանդիպել եմ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հետ, քննարկել ենք համատեղ համագործակցության հարցեր: Ինչ վերաբերում է ամառային հանգիստն անցկացնելուն, ապա չխախտելով ավանդույթը ես ընտանիքիս, քույրերիս, աղջկաս, թոռնիկիս հետ այս տարի նույնպես կմեկնեմ Հունաստան, որովհետև միակ հանգիստը ինձ համար դա ծովափնյա հանգիստն է, բացառապես Միջերկրական ծովը: Ես պասիվ հանգստի սիրահար եմ: Ծովափնյա աղմկոտ քաղաքներ չեմ սիրում: Դրա փոխարեն նախընտրում եմ ցիվիլիզացիայից հեռու մի որևէ գյուղակ, բայց պարտադիր Միջերկրական ծովի ափին: Դա է ինձ համար իդեալական հանգիստը: Ծովն իմ տարերքն է: Այլ վայրում այլ ձևաչափով հանգիստ ես ուղղակի չեմ պատկերացնում և հիմնականում նախընտրում եմ Հունաստանը»,– ասաց պատգամավորը:
Նա նաև տեղեկացրեց, որ արդեն 7 կամ 8 տարի է, որ ամառային հանգիստն անց է կացնում Հունաստանում: Ավանդույթը մեկ անգամ խախտել են և հանգիստն անց են կացրել Կիպրոսում, սակայն կլիմայի առումով Ն. Զոհրաբյանի համար Հունաստանն ավելի նախընտրելի է:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը «Փաստի» հարցին ի պատասխան ասաց, որ այս պահին գտնվում է Արցախում, բայց ոչ թե հանգստանում է, այլ՝ աշխատում:
«Այս ամառ կհանգստանամ, թե ոչ, դեռևս անորոշ է, քանի որ բավականին գործ կա: Շատ–շատ են աշխատանքները և պետք է ամեն ինչ հասցնել»,– կարճ ասաց պատգամավորը:
ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ «Փաստին» ասաց, որ դեռ չի որոշել, թե առհասարակ կմեկնի հանգստանալու, թե՝ ոչ:
«Ամեն ամառ Վրաստան ենք մեկնել հանգստի, բացի անցած ամռանից: Վանաձորի քարոզարշավի պատճառով անցյալ ամառ չենք գնացել հանգստանալու: Հուսով եմ մի քանի օրով կստացվի հանգստի մեկնել: Հայաստանում ծով չկա, իսկ հայկական բնաշխարհը տարվա բոլոր եղանակներին էլ կարելի է վայելել, այնպես որ եթե հանգստի մեկնենք, կրկին կգնանք Վրաստան»,– ասաց պատգամավորը:
Հարցին, թե հնարավոր է Հունաստան մեկնեն հանգստի, էդմոն Մարուքյանն ասաց.
«Չէ, չենք ձգի այդքան»:
Էկոնոմիկայի նախկին նախարար, նախկին ԱԺ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանն էլ «Փաստին» փոխանցեց, որ ամռանը ոչ մի տեղ չի գնալու հանգստանալու:
«Ամենահավանականը, որ կարող է Երևանից մի քանի օրով մեկնեմ, կգնամ Ստեփանավան: Երկրից դուրս չեմ մեկնելու հանգստանալու: Այս տարի այդպես է ստացվել»,– ասաց Կ. Ճշմարիտյանը:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Վահագն Խաչատրյանը նույնպես «Փաստի» հարցին ի պատասխան ասաց, որ ամառը Երևանում է անցկացնելու, իսկ հանգիստը նախընտրում է նվիրել ընթերցանությանը: Հարցին, թե ինչ է պատրաստվում կարդալ հանգստյան օրերին, նա ասաց.
«Մասնագիտական գրականություն եմ կարդալու: Խորհուրդ կտամ բոլորին շատ կարդալ»,–ասաց Վ.Խաչատրյանը և այդքանով եզրափակեց ամառային հանգստի թեման:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



