«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի մասին պատմող ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի մրցութային ծրագրում է
КУЛЬТУРА
Ռեժիսոր Հրանտ Վարդանյանի «Լույսի ձայներ» կարճամետրաժ կինոնկարում ներկայացված է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի՝ Շվեյցարիայում կատարած շրջագայությունը: Այն ընդգրկված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Համահայկական համայնապատկեր» ազգային մրցույթում: Ժապավենի մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ֆիլմի ռեժիսորը:
«Հեքեքյանի փայլուն երգչախմբի, մեր ապագայի մասին է կինոն և շատ թանկ է ինձ համար, քանի որ լույս սփռող մեր փոքրիկները, երիտասարդները մեծ գործ են անում դրսում` ներկայացնելով հայ մշակույթը: Ժապավենում շատ լույս կա. ուզում եմ` այն շատ մարդ դիտի, քանի որ բացասականը մեր շրջապատում շատ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հրանտ Վարդանյանը:
Նա ընդգծեց, որ ֆիլմը ստեղծելու գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ ինքը ներկա է գտնվել երգչախմբի՝ Տոկիոյում կայացած համերգին ու տեսել, թե ինչ ջերմ ու բարի ընդունելության է արժանանում այն:
Ֆինանսական միջոցների սղության պատճառով ռեժիսորը հնարավորություն չի ունեցել երգչախմբի հետ մեկնել շրջագայության: Միայն օպերատորն է խմբի հետ շրջել ու նկարահանել լավագույն պահերը, որոնք վերածվել են գեղեցիկ, պայծառ ու լուսավոր կարճամետրաժ ֆիլմի:
Ֆիլմը պատմում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի՝ Շվեյցարիայում կատարած շրջագայության մասին: Զետեղված են հայկական և արևմտյան մշակույթների երգեցողության գոհարների բարձրորակ կատարումների և հանդիսատեսի սրտաբաց ընդունելության հատվածներ: Խոսքը մարդկային բարեսրտության և բարձր արվեստին նվիրված միասնական երգչախմբի մասին է, որի ղեկավարն է Տիգրան Հեքեքյանը:
«Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։
«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:




















































