Էրդողանը հայտնել է, որ մոտ ապագայում կմտածեն երկրում արտակարգ դրությունը վերացնելու մասին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոտ ապագայում հնարավոր է վերացվի երկրում անցած տարվանից գործող արտակարգ դրությունը, այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը։
Էրդողանը նշել է, որ 2016թ.-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո տարված կադրային զտումների համար արտակարգ դրությունը պարտադիր պայման էր, ու թեև, ըստ Էրդողանի, այն չէր ազդում հասարական քաղաքացիների կյանքի ընթացքի վրա, հնարավոր մոտ ապագայում վերացվի։
Էրդողանը նաև հավաստիացրել է, որ իրեքն զգալի առաջընթաց են գրանցել ոչ միայն գյուլենականների, այլև «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դեմ պայքարում։
Այնուամենայնիվ, Թուրքիայի ղեկավարը շեշտել է, որ կադրային զտումներն ու ոստիկանական գործողությունները կշարունակվեն այնքան, մինչև պետական ապարատից «մաքրված» չլինեն բոլոր դավաճանները։
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:



