Մենք չգիտենք՝ դա Արա Աբրահամյանի անձնակա՞ն նախաձեռնությունն է, թե՞ նրա թիկունքում լուրջ ուժեր կան. Արմեն Բադալյան
ИНТЕРВЬЮ
Անդրադառնալով Արա Աբրահամյանի՝ հայաստանյան քաղաքական դաշտ մուտք գործելու ցանկություններին՝ քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը Past.am-ի հետ զրույցում ասաց, որ դժվար է ասել՝ ինչ հավակնություններ ունի նա:
«Եթե հարցին մոտենանք իրավական տեսանկյունից, ապա նա չի կարող ո՛չ նախագահ, ո՛չ վարչապետ և անգամ պատգամավոր լինել, քանի որ վերջին տարիներին Հայաստանում չի բնակվել: Այդ պատճառով անձնապես նա լուրջ քաղաքական դերակատարում ունենալ չի կարող: Բայց դա չի նշանակում, որ նա չի կարող ստեղծել կուսակցություն կամ համագործակցել ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված, սակայն ոչ այնքան ակտիվ գործող որևէ կուսակցության հետ, այդ կուսակցությունը լցնել «իր մարդկանցով» և բավականին ազդեցիկ քվոտա ունենալ ապագա խորհրդարանում»,- նշեց պարոն Բադալյանը:
Ըստ քաղտեխնոլոգի՝ Հայաստանում ընտրությունների ինստիտուտը չի գործում:
«Հայաստանի ԱԺ-ում հայտնվում են վարչաֆինանսական մեխանիզմով: Բնականաբար, այդ նոր կուսակցությունը չի կարող Հանրապետականի նման վարչաֆինանսական ուժ կիրառել: Երկրորդ տարբերակը՝ գնալ Բաղրամյան 26 և պայմանավորվել ապագա խորհրդարանում տեղեր ունենալու համար, բայց դա կասկածելի տարբերակ է:
Եվ կա ևս մեկ տարբերակ. գաղտնիք չէ, որ Ռուսաստանի իշխանությունը մեծ ազդեցություն ունի մեր իշխանությունների վրա: ՌԴ իշխանությունների հետ լեզու գտնելով՝ նա կարող է ՀՀ Աժ-ում տեղեր ունենալ: Կարևոր հանգամանք ևս. մենք չգիտենք՝ դա Արա Աբրահամյանի անձնակա՞ն նախաձեռնությունն է, թե՞ նրա թիկունքում լուրջ ուժեր կան»,- ասաց քաղտեխնոլոգը:
Արմեն Բադալյանը հիշեցրեց, որ Արա Աբրահամյանը 2003-ին նույնպես փորձ արեց ՀՌԱԿ կուսակցության միջոցով մուտք գործել Աժ: «Գուցե այն ժամանակ շահագրգիռ անձիք ճիշտ վերաբերմունք չեն ցուցաբերել այդ հարցին»,- հավելեց մեր զրուցակիցը:
Լևոն Փանոսյան




















































