«Իգլա»-ի գործով կալանավորվածի պաշտպանի՝ քրեական գործը կարճելու միջնորդությունը մերժվել է
МЕЖДУНАРОДНОЕ«Իգլա»-ի քրեական գործի շրջանակներում կալանավորված Սանասար Գաբրիելյանի պաշտպանի՝ քրեական գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Կարապետ Աղաջանյանը:
«Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց իմ միջնորդությունը: Իմ միջնորդության հիմնավորումն այն էր, որ իմ պաշտպանյալը զենքի ձեռք բերելուց հրաժարվել է: Հիմքում քրեական դատավարության 35-րդ հոդվածի 11-րդ կետն էր՝ անձը կամովին հրաժարվել է հանցագործությունը մինչև վերջ հասցնելուց, եթե նրա փաստորեն կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում»,-ասաց Աղաջանյանը:
Նա հայտնեց, որ չնայած միջնորդությունը մերժվել է, սակայն ինքը հետագայում ևս այդ փաստի շուրջ պնդումներ անելու է. «Իմ պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի»:
Հիշեցնենք, որ Սանասար Գաբրիելյանի նկատմամբ մեղադրանքը մեղմացվել էր, փոփոխություն էին կատարվել, և ՀՀ ՔՕ-ի 235 պրիմ 1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով մեղադրանքը վերացվել էր: Մնացել է 235-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:



