Ստրասբուրգում Երրորդ ռայխի անատոմիական պատրաստուկների հավաքածու է հայտնաբերվել
МЕЖДУНАРОДНОЕՍտրասբուրգում հայտնաբերվել է անատոմիական պատրաստուկների հավաքածուներով ինը արկղ, որոնք պատկանել են Երրորդ ռայխի «Անեներբե» բժշկական ծրագրերի ղեկավար Ավգուստ Հիրթին: Հենց Ստրասբուրգում է ռազմական հանցագործը ղեկավարել ՍՍ-ի անատոմիական ինստիտուտը: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը:
Հայտնի է, որ 1935-1945 թվականներին Գերմանիայում գործել է «Անեներբե» կազմակերպությունը, որը զբաղվել է գերմանացիների պատմության, ավանդույթների և ժառանգության ուսումնասիրությամբ: Կազմակերպության նպատակը նացիստական պետության գոյությունն ապահովելն է եղել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ճամպրուկների նմանվող արկղերը պարունակում են մարդկանց և կենդանիների հյուսվածքների նմուշներ: Կոնտեյներները ստորագրված են Հիրթի անունով, սակայն դրանք հայտնաբերվել են Ստրասբուրգի համալսարանի պաթոլոգոանատոմիական բաժնում:
Նշվում է, որ Հիրթը մտադիր է եղել կմախքների հավաքածու ստեղծել: Նրա ղեկավարած ինստիտուտում 1944 թվականի դեկտեմբերի մեկին Ստրասբուրգն ազատագրելուց հետո հայտնաբերվել է 86 մարդու մնացորդ: Զոհերը եղել են Աուշվից համակենտրոնացման ճամբարում ոչնչացված հրեաներ, որոնք տեղափոխվել են Ստրասբուրգ՝ Հիրթի ղեկավարությաբ դիահերձման ենթարկվելու համար:
Չնայած Հիրթի վատ համբավին՝ համալսարանում կարծում են, որ հայտնաբերված հավաքածուի որոշ մասեր պատկանում են գիտնականի նախանացիստական անցյալին և քրեական բաղադրիչ չունեն:
Նշենք, որ Ստրասբուրգի ազատագրումից հետո Հիրթը դստեր հետ փախուստի է դիմել և քողարկվել որպես գյուղացի: Ենթադրվում է, որ նա ինքնասպանություն է գործել: Այնուամենայնիվ, նրան որոնել են մինչև 1950-ական թվականների վերջը: Ֆրանսիայում Հիրթը 1963 թվականին հեռակա կարգով մահապատժի է դատապարտվել:



