Քաղաքապետը խոստանում է պատժել ժամը 23-ից հետո բարձր երաժշտություն միացնողներին
ОБЩЕСТВОԵրեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` շարունակվում է հսկողությունը մայրաքաղաքում երեկոյան ժամերին հասարակական վայրերում բարձր երաժշտության արգելման ուղղությամբ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խստացված ամենօրյա հսկողությունը եւ անհրաժեշտության դեպքում կիրառել կոշտ վարչարարություն:
«Այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ կարձանագրվեն նման խախտումներ: Մեր համաքաղաքացիներից ստացվող յուրաքանչյուր ահազանգին անմիջապես արձագանքեք ու ձեռնարկեք համապատասխան քայլեր: Կա հստակ որոշում, համաձայն որի ժամը 23:00-ից հետո մայրաքաղաքում արգելվում է բարձր երաժշտությունը: Հետեւաբար, ոչ ոք իրավունք չունի խախտելու հասարակական կարգը եւ խաթարելու մեր համաքաղաքացիների անդորրն ու հանգիստը: Ըստ այդմ, խստացրե՛ք վերահսկողությունը եւ անհրաժեշտության դեպքում կիրառեք կոշտ վարչարարություն: Տնտեսավորողները պետք է հստակ գիտակցեն, որ եթե մեկ անգամ արված նախազգուշացումից հետո շարունակեն խախտել սահմանված կարգը, ապա մեր կողմից կկիրառվի համապատասխան վարչարարություն՝ ընդհուպ մինչեւ նրանց գործունեության կասեցում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:



