Եթե առաջարկենք պատժի այլ չափ կիրառել՝ սպանվածների հարազատները խորհրդարանը կպայթեցնեն. պատգամավոր
ОБЩЕСТВОԽորհրդային տարիներին բանակում սեռական ոտնձգության ենթարկվելու համար սպային սպանած ցմահ ազատազրկված զինծառայողներ կան, որոնք արդեն 20 տարուց ավելի նստած են եւ այսօրվա Քրեական օրենսգրքով պետք է ազատ արձակված լինեին: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, խորհրդարանում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկմանն ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Խորհրդային տարիներին ովքեր գնդակահարել են սպային իրենց նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար, 20 տարուց ավելի է նստած են: Այստեղ շատ զգույշ պետք է լինել, իհարկե: Ես նաեւ ինքս հանդիպել եմ այն խոշտանգված, այնուհետեւ սպանված մարդկանց հարազատների հետ, որոնք ուղղակիորեն կգան եւ այս խորհրդարանը կպայթեցնեն, եթե մենք որոշ անձանց հանդեպ, որոնք ցմահ ազատազրկման են դատապարտված, փորձենք պատժի այլ չափ կիրառել, բայց ես խոսում եմ զինվորների մասին, որոնք 20 տարուց ավելի նստած են եւ, եթե այսօր այդ հանցագործությունը կատարած լինեին՝ ազատ արձակված կլինեին արդեն»,-ասաց նա:



